Եթե ունես 55 ձայն նախաձեռնի իմպիչմենտ, չունես, ուրեմն վարչապետին անվտանգության բարձիկ ես տրամադրում

«Եթե չկա 20 ՔՊ-ական պատգամավորի հրապարակային համաձայնություն, իսկ ընդդիմադիրների ձայները չեն բավարարում, դու սկսում ես մտածել, որ կա այլ նպատակ։ Մասնավորապես՝ երբ իմպիչմենտի գործընթաց ես փորձում նախաձեռնել և հաջողության չես հասնում, այսինքն՝ համապատասխան ձայն չես ստանում, ապա վարչապետը ստանում է անվտանգության բարձիկ՝ որոշակի ժամանակահատվածի համար։ Երբ այդ ժամանակահատվածը լրանում է, գալիս է մի շրջան, երբ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մնում է 6 ամիս։ Այդ ժամանակ այլևս ընդդիմությունը չի կարողանալու Ազգային ժողովը լուծարելու փորձ անել, քանի որ ժամկետային սահմանափակումներ կան։ Եթե հիմա գործընթաց սկսես և հաջողություն չունենաս, նշանակում է, որ աշնանը այլևս իմպիչմենտի գործընթաց սկսել չես կարող: Ստացվում է, որ նախաձեռնողները վարչապետին տալիս են մեկ տարի հանգիստ աշխատելու ժամանակահատված, երբ իրեն այլևս ոչինչ չի սպառնալու:
Հաջորդ նման հնարավորությունը կարող է լինել հաջորդ տարի՝ հունիսին, ճիշտ այն ժամանակ, երբ հերթական ընտրություններն են լինելու։ Նախաձեռնողները հրապարակային քննադատում են վարչապետին, բայց գործողություններով աջակցում նրան։ Ես չեմ ասում, որ այս նախաձեռնությունը հաստատ այդ նպատակ ունի, այլ ասում եմ, որ եթե դու չունես 20 հոգի ՔՊ-ական, որ հրապարակային նախաձեռնությանը միանալու են, ապա այդպես է ստացվելու։
Ունե՞ս 55 ձայն՝ նախաձեռնիր, չունե՞ս, ուրեմն դրանով վարչապետին անվտանգության բարձիկ ես տրամադրում՝ մեկ տարվա ժամկետով»,-ասաց Արմեն Բադալյանը։