Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցրած մտքերը

Փաշինյանի նետերն ուղղված են այն ինստիտուտի դեմ, որը մեկուկես հազարամյակից ավել պահել ու միավորել է աշխարհասփյուռ հայությանը։ Պետական իշխանության բարձրագույն ղեկավարը հրապարակայնորեն միջամտում է մի կառույցի ներքին գործերին, որի «նորոգման» կարգը կարող է որոշել միայն եկեղեցական կանոնական իրավունքը, ոչ թե Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը։
Նման ելույթները արհեստականորեն բաժանում են հոգևորականներին «ճիշտ» ու «սխալ» խմբերի՝ սերմանելով անվստահություն և ստեղծելով վտանգավոր նախադեպ, որտեղ քաղաքական իշխանությունը իրեն վերապահում է չափել հավատքի սահմանները։ Սա ոչ միայն խեղում է եկեղեցու ինքնիշխան բնույթը, այլ նաև սպառնում է վերածվել «վհուկների որսի», որտեղ «անհնազանդ» ձայները կարող են լռեցվել պետական լծակներով։
Հայոց եկեղեցու պահպանության Համահայկական խորհուրդը դատապարտում է վարչապետի շարունակական հայտարարությունները, որոնք հակասում են նաև միջազգային իրավունքի նորմերին, որտեղ հստակ շեշտվում է, որ պետությունը պետք է զերծ մնա եկեղեցական կառույցները «բարեփոխելու» փորձերից։ Այս թեմայով խորհուրդը մոտ օրերս հանգամանալից զեկույց կներկայացնի հասարակությանը:
Կոչ ենք անում երկրի քաղաքական ղեկավարությանը դադարեցնել հայության հոգևոր կենտրոնը պառակտող ելույթներն ու վերադառնալ սահմանադրականության դաշտ, որտեղ պետությունն ու եկեղեցին տարանջատված են։
Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ