ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն
Վաշինգտոնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների հետ համատեղ հռչակագրի ստորագրության վերաբերյալ բնակիչների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի։ «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում, ամփոփելով հարցման արդյունքները, նշեց, որ հարցման մասնակիցների մոտ 47 տոկոսը բացասական է գնահատել, մասնավորապես, 22,8 տոկոսը դրական է գնահատել, 19,3 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 13,6 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 34 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, 7 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել այս հարցին, իսկ 3,3 տոկոսը նշել է, որ տեղյակ չէ, որ նման հռչակագիր է ստորագրվել։
Նավասարդյանի խոսքով՝ պատասխանները հիմնականում բացասական տիրույթում են, մոտ 47 տոկոսը բացասական է պատասխանել։ Ինչ վերաբերում է Սյունիքի տարածքով Ադրբեջանին ճանապարհի տրամադրմանը, ապա այս դեպքում հարցվածների մեծամասնությունը բացասական է գնահատել՝ շուրջ 60 տոկոսը։ Մասնավորապես, 47,6 %-ը ընդհանրապես բացասական է պատասխանել, 17,4 %-ը՝ լիովին դրական, 18,1 %–ը` ավելի շուտ դրական, 11,3 %-ը՝ ավելի շուտ բացասական։