ՊԵԿ–ից արձագանքել են կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով 2 տեսուչի ձերբակալությանը
ՊԵԿ–ից արձագանքել են կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով 2 տեսուչի ձերբակալությանը։«Պետական եկամուտների կոմիտեն խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած դրսևորում և անընդունելի համարում ծառայողական դիրքի օգտագործումը անձնական շահի նպատակով։
Կոմիտեն վերահաստատում է, որ կոռուպցիայի նկատմամբ ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն և համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի։
Չնայած ՊԵԿ-ում շարունակաբար իրականացվող հակակոռուպցիոն և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ առանձին աշխատակիցների նման գործողությունները չեն կարող համատեղելի լինել պետական ծառայողի վարքագծի և պատասխանատվության չափանիշների հետ։
ՊԵԿ-ը վստահեցնում է, որ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ հետևողականորեն շարունակելու է համակարգում կոռուպցիոն ռիսկերի բացառմանն ու նմանատիպ երևույթներն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքները։
Կոմիտեն կրկին հորդորում է իր բոլոր աշխատակիցներին խստագույնս պահպանել օրենսդրության և ծառայողական էթիկայի պահանջները՝ չվարկաբեկելով ՊԵԿ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
