Այս պատվերը գալիս է 2018-ից, երբ Փաշինյանն ուզեց գլխավորեմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, հակառակն՝ արեցինք
«Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում է այսօրվա իշխանությունների կողմից բացահայտ և անթաքույց, որը մտնում է հակաեկեղեցական իրենց քաղաքականության մեջ: Այն գնում-հասնում է 2018 թ, երբ Փաշինյանը ասաց՝ դառնում եմ վարչապետ, ասացի՝ չեղավ: Այդ օրվանից է սկսվում այս քաղաքական իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ, նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումից, երբ որ իրենց հույսն այն էր, որ ես պիտի ոչ միայն հեղինակեմ այդ շարժումը, այլ պիտի միանամ: Եղավ հակառակը, և այդ ժամանակվանից սկսած՝ այս իշխանության աչքի փուշը դարձանք»,-դատարանում իր ճառի ընթացքում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը:
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Միքայել Սրբազանն ասաց քննադատություն հնչեցրել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց այդ հայտարարությունները հանցագործություն չեն դիտվել։
«Պատերազմական դրության ժամանակ ասել եմ, բայց հանցագործություն չի դիտվել։ 2021-ին ասել եմ նույն բաները, պարզվում է՝ հանցագործություն չեն տեսել։ 2022-ին տվել եմ հարցազրույց 168-ին, բայց հանցագործություն չեն դիտել։ Նույնն ասել եմ 2023-ին»,- հայտարարեց Սրբազանը: