Հայաստանում տարեկան մոտ 1000 բիզնես քրեական գործով է անցնում, շատ մեծ, ահռելի թիվ է

«Հիմա ՊԵԿ-ը մեր քննչականին մեծ նվեր է անում աշխատանքի իմիտացիայի համար։ Տարեկան մոտ հազար քրեական գործ է ուղարկում քննչականին հայկական բիզնեսների դեմ, քննչականի աշխատողները էլ իրենց Ռեմբո են զգում՝ դիմակներով մտնելով տուն կամ բիզնես, ահաբեկելով աշխատակիցներին և այլ նմանատիպ հակաահաբեկչական գործողություններով։ Ճիշտ է, վերջում գործերի մեծ մասով պարզվում է, որ տեղեկատվությունը սխալ էր կամ խախտման չափն էր սխալ, բայց դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։
Էստեղ գլոբալ խնդիրները մի քանիսն են։
1. Հայաստանում տարեկան մոտ 1000 բիզնես քրեական գործով է անցնում։ Դա շատ մեծ, ահռելի թիվ է։ Համեմատության համար՝ ԱՄՆ-ում տարեկան 3-4 հազար քրեական գործ են բացում բիզնեսների դեմ, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում մոտ 30 միլիոն բիզնես կա, Հայաստանի մոտ 70 հազարի դիմաց:
2. Բոլոր գործարարները խոցելի իրավիճակում են․ մի կողմից՝ անգրագետ ՊԵԿ տեսուչների սխալ «նախնական հարկային հաշվարկները», մյուս կողմից՝ կոպիտ, անգրագետ ու անհարգալից քննչականն իր կոշտ գործողություններով։
Ըստ վիճակագրության՝ դատերի մեծ մասը ՊԵԿ-ը պարտվում է, իսկ քննչականի «մասկի շոուների» արդյունքները հաճախ այն չեն լինում, ինչ կանխատեսվում էր։
3. Սա ոչ միայն անարդյունավետության, այլ նաև վստահության ճգնաժամի պատճառ է․ գործարար համայնքը սկսում է ընկալել պետությունը ոչ թե որպես պաշտպան, այլ որպես սպառնալիք։
Այդպիսի մթնոլորտում ներդրումներ չեն գալիս, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, և տնտեսությունը թուլանում է հենց ներսից։
Վերջերս մենք LSA ընկերության փաստաբան, ի.գ.թ. Արսեն Սարդարյանի հետ օրենսդրական առաջարկներ ենք մշակել, որոնք հիմա քննարկում տարբեր պատկան մարմինների հետ, ըստ որոնց՝ նախ քրեական գործեր բացելու շեմը ոչ թե 10 միլիոն լինի, այլ կախված լինի շրջանառությունից, քանի որ 10 միլիոնի դեպքում գրեթե բոլոր 200-300 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող բիզնեսների վրա կարելի է քրեական գործ բացել։
Երկրորդ առաջարկը կապված է տեղեկատվական կրիչների վերադարձի թեմայի հետ։ Քանի որ, ընդհանուր առմամբ, քննչականի աշխատակիցներին չի հետաքրքրում, թե իրենք որքան վնաս են հասցնում երկրին ու տնտեսությանը, նրանք ամիսներով ու տարիներով պահում են բիզնեսների համակարգիչները և չեն վերադարձնում։ Արդյունքում, մի կողմից՝ պարալիզացնում են բիզնեսը, մյուս կողմից՝ ստիպում նոր ծախսեր անել ու համակարգիչներ գնել։ Մեր առաջարկով քննչականը պարտավորվում է երեք օրվա ընթացքում վերադարձնել տեղեկատվական կրիչները։
Եվ երրորդ առաջարկով՝ եթե բիզնեսը ունի առերևույթ խախտման չափը փակող դրամական հոսքեր, ապա չիրականացնել որևէ քննչական գործողություն՝ առանց բիզնեսի հետ իրավիճակը քննարկելու։
Վերոնշյալ հարցում պարտադիր պետք է մոտեցումների փոփոխություններ լինեն, այլապես ստացվում է, որ բոլոր գործարարներին պետությունը դիտարկում կամ վերաբերվում է որպես հանցագործների։ Պետությունը պետք է գործարարին ընկալի որպես գործընկեր, ոչ թե թշնամի։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել վստահության վրա հիմնված տնտեսական միջավայր, որտեղ թե՛ բիզնեսը, թե՛ պետությունը կհաղթեն»,- գրել է նա: