Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով քննարկվում է վենդետայի վարկածը․ կասկածում են ամիսներ առաջ սպանված երիտասարդի եղբորը
Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կասկածյալների շրջանակը նեղացվում է, քննության վարկածներից մեկը հնարավոր վենդետան է՝ կապված ամիսներ առաջ Մերձավանի համայնքապետ Մհեր Ախտոյանի մասնակցությամբ վիճաբանության ժամանակ նրա հորաքրոջ որդու՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանի սպանության հետ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս պահին կասկածյալների նախնական շրջանակում է սպանված Օհանյանի եղբայրը, որն այժմ փաստացի արգելանքի է վերցվել և հարցաքննվում է։ Իրավապահ մարմինների պաշտոնական աղբյուրները, սակայն, այս տեղեկությունը չեն հաստատում։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անձը բերման ենթարկվել և փոխանցվե՞լ է ՔԿ-ին, ասաց․ «Այս պահին որևէ նորություն չունենք հայտնելու: Միջոցառումները շարունակվում են»։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ևս այս պահին զերծ մնաց մեկնաբանությունից, նշեց՝ այս պահին նախկինում հայտնած տեղեկություններին ավելացնելու ոչինչ չունեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ իր տան բակում սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։
ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել էր՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Սպանված մյուս քաղաքացին եղել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է, Արծրուն Գալստյանն է։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։ Փաստացի Գրիգորյանին սպանել են իր իսկ տան բակում՝ դիմահար կրակահերթով։ Սպանությունը կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով։ Նրան առ այժմ չեն հայտնաբերել։ ՔԿ քննիչ Արտակ Հովհաննիսյանը հայտնել է, որ Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը մահացել են տեղում, կրակոցները դիմահար։ Համացանցում տարածված կադրերը վկայում են, որ մարդասպանը նաեւ ստուգողական կրակոց է արձակել՝ համոզվելու համար, որ համայնքապետն սպանվել է։
Վալոդյա Գրիգորյանը համայնքապետ է ընտրվել մարտին՝ հաղթելով քպական թեկնածուին: Նա գլխավորել էր «Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքը («Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ) եւ ստացել 6508 ձայն՝ ընտրողների 57%-ը։
Հատկանշական է մեկ հանգամանք ևս՝ Մերձավանում բավականին լարված իրավիճակ է եղել տևական ժամանակ, քանի որ համայնքը բաժանված է եղել իշխանական հայացքներ ունեցողների և ընդդիմադիրների միջև, պարբերաբար վեճեր էր լինում, անգամ ամիսներ առաջ վիճաբանություն էր եղել, որն ավարտվել էր մեկ այլ սպանությամբ, միջադեպի մասնակցությանը շոշափվում էր նաև Մերձավանի ՔՊ-ական գյուղապետի անունը։ Դեպքի ժամանակ սպանվել էր նրա մորաքրոջ որդին։
