Թուրքական մամուլը գրում է ՀԷՑ-ի թուրքական հնարավոր գնորդի մասին և թե ով է բանակցում հայկական կողմից. Երեևանը հերքում է
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում երկրի էներգետիկ կարևոր ակտիվները թուրքական «Ակսա Էներջի» ընկերությանը վաճառելու շուրջ, որը «Կազանջը Հոլդինգի» մաս է կազմում:Ըստ Sol Haber-ի, խոսքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) մասին է, որը, սեփականատերերից խլվելուց հետո այժմ ժամանակավորապես անցել է ՀՀ կառավարության անմիջական վերահսկողության տակ:
Թուրքական աղբյուրները պնդում են, որ գործարքի վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռևս հունիսին՝ Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի ժամանակ, որը ՀՀ առաջնորդի առաջին աշխատանքային այցն էր Թուրքիա: Վերլուծաբանները ենթադրում են, որ նույնիսկ այդ ժամանակ Փաշինյանը կարող էր քննարկել ոչ միայն քաղաքական շփումները, այլև այդ ակտիվները թուրք ներդրողներին փոխանցելու հարցը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունների, երևանյան կողմից բանակցությունները վերահսկում է ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։ ՀԷՑ-ի ղեկավար Սամվել Կարապետյանի՝ Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելու համար ապօրինի կալանավորումից հետո, ըստ թուրքական աղբյուրների, այդ գործընթացն արագացել է։
«Կարճ ժամանակ անց որոշում կայացվեց չեղյալ համարել ընկերության ներքին էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան, ինչը դիտորդները մեկնաբանում են որպես վաճառքի նախապատրաստություն՝ վերացնելով ընկերությունը օտարերկրյա ներդրողին փոխանցելու խոչընդոտները»,-նշում է թուրքական աղբյուրը։
«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է թե Նիկոլ Փաշինյանի խոսնակին, թե Խաչատուր Սուքիասյանի։ Երկուսն էլ հերքել են տեղեկությունները։ «Նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-«Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնեց Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցում հաստատել է Դավիթ Ղազինյանի հայտարարությունը՝ ՀԾԿՀ անդամները մեկնել են Թուրքիա։ Լրագրողների հետ զրույցում Մեսրոպյանը նշեց, որ ՀԾԿՀ 3 անդամ հոկտեմբերին մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցացիայի աշխատաժողովին։
