Հայաստանը կանգնած է մի վտանգի առաջ, որը ես կկոչեի «ադրբեջանիզացիա»՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին առումով
Հայաստանը հիմա գտնվում է շատ փոթորկալից աշխարհաքաղաքական միջավայրում, որը լուրջ սպառնալիքներ է պարունակում մեր պետականության համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ վարչության փոխնախագահ, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։«Հայաստանը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, սակայն մեր դիրքերի ծանրացումը պայմանավորված չէ միայն այն աշխարհաքաղաքական սպառնալիքներով, որոնք կախվել են մեր ազգի վրա։ Ցավոք, այս պատմական ժամանակաշրջանում մենք ունենք նաև ներքին սպառնալիք՝ ի դեմս այսօր գործող ռեժիմի և նրա պարագլխի՝ Նիկոլ Փաշինյանի, որովհետև այդ իշխանությունն իր գործողություններով միայն ավելի է ահագնացնում բոլոր այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կանգնած են մեր ժողովրդի առաջ։
7.5 տարվա ընթացքում Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սխալ, անգետ, ապաշնորհ, որոշ դեպքերում՝ դավաճանական որոշումների հետևանքով Ադրբեջանի հետ ունեցել է շուրջ 10 ռազմական բախում։ Այդ բախումները տեղի են ունեցել այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է 2019 թվականին առաջարկված հայանպաստ պլանը, որը ներկայացվել էր մեր լավագույն դաշնակիցների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից։ Այդ քայլով, ըստ էության, խարխլվել է նրանց դերը՝ որպես միջնորդ և որպես Ադրբեջանի ագրեսիան զսպող գործոն, ինչի հետևանքով մենք հայտնվել ենք կործանարար ընթացքի մեջ։
Մենք կորցրել ենք Արցախը, շուրջ 5000 մեր զինվորների թանկարժեք կյանքերը, Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող ինքնիշխան տարածքներ ու բարձունքներ և այժմ գտնվում ենք նաև «Զանգեզուրի միջանցքի» կորստի գործընթացում։ Թեպետ Նիկոլ Փաշինյանը այսօր փորձում է ներկայացնել, թե ինքն արդեն սթափվել է, փոխել է իր պատկերացումները հայրենասիրության մասին, սակայն այս ամենը կարծես վերջ չունի, քանի որ մենք հայտնվել ենք «սողացող կապիտուլյացիայի» իրավիճակում։ Ադրբեջանը ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում, իսկ այդ պահանջների իրականացման վերջը չի երևում։
Դա վերաբերում է ինչպես անկլավների վերադարձին, այնպես էլ «Զանգեզուրի միջանցքի» այնպիսի իրագործմանը, որը հարված կհասցնի Հայաստանի ինքնիշխանությանը։ Խոսքը վերաբերում է նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձի պահանջին, մեր ներքին գործերին միջամտելուն, սահմանադրական փոփոխությունների պարտադրմանը, ինչպես նաև ներքաղաքական գործողություններին, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված հարձակումներին։ Այս գործընթացի վերջը չի երևում»։
Զուրաբյանը ընդգծեց, որ չնայած Փաշինյանը գնում է բոլոր հնարավոր զիջումներին, խաղաղություն այդպես էլ չի հաստատվել, և Հայաստանը մինչ օրս չունի Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ։
«Հայաստանը կանգնած է մի վտանգի առաջ, որը ես կկոչեի «ադրբեջանիզացիա»՝ թե՛ արտաքին, երբ Հայաստանը աստիճանաբար վերածվում է Ադրբեջանին ենթակա, վասալային պետության, և թե՛ ներքին, երբ ավտորիտար Ադրբեջանի բարքերն աստիճանաբար ներթափանցում են մեր ներքաղաքական կյանք»,-եզրափակել է Զուրաբյանը։
