Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ
Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե Միացյալ Նահանգները որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։«Միացյալ Նահանգների անհարգալից նախագահը պետք է իմանա, որ այս պաշտոնական խոստովանության արդյունքում Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաները և նրանց ուժերը կդառնան մեր օրինական թիրախը՝ ի պատասխան ցանկացած հնարավոր ամերիկյան արկածախնդրության։ Իմացեք, որ իրանցի ժողովուրդը միասնական է և վճռական՝ գործելու իր թշնամու դեմ», - գրել է Ղալիբաֆը իր X սոցիալական ցանցի էջում։
Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա։ Այս մասին գրել է Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին։
Իսկ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ երկիրը վճռականորեն և առանց վարանելու կպատասխանի ցանկացած արտաքին սպառնալիքի, հայտնում է Tasnim-ը։
«Մեր հրթիռային ներուժն անհնար է ոչնչացնել ո՛չ ռումբերով, ո՛չ էլ բանակցությունների միջոցով»,- նշել է նա։
Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանի ռազմական հզորությունը զգալիորեն աճել է 12-օրյա պատերազմից հետո․ «Եվ եթե մեր երկրին որևէ վտանգ սպառնա, մենք դրան կպատասխանենք վճռականորեն և առանց վարանելու»,- շեշտել է նա։
«Ցանկացած միջամտություն, որը կեղծ պատրվակով ոտնձգություն կլինի Իրանի անվտանգության դեմ, կբախվի ջախջախիչ պատասխանի։ Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, այլ ոչ թե արկածախնդիր թվիթների թեմա»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Իրանը «սպանի խաղաղ ցուցարարներին», Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության։
Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման ֆոնին։
