Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, ևս 50 տարի ժամկետի երկարացման հնարավորությամբ
Նա նշեց, որ փաստաթղթում նկարագրված է, թե ինչ օգուտներ են ունենալու ԱՄՆ-ը և Հայաստանը։ «Օրինակ, նշվում է, որ Հայաստանը սրանով ընդլայնելու է իր նշանակությունը որպես տարածաշրջանային տարանցիկ և տնտեսական հանգույցի դերը, մեծացնելու է իր հնարավորությունը օտորերկրյա ներդրումներ ներգրավելու և այլն։
Նշվում է, որ ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, Հայաստան -Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորումից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից»։
Նա նաև տեղեկացրեց, որ հիմնվելու է ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն, որի հիմնադրման որոշակի պայմանները հստակեցնում է ստորագրված փաստաթուղթը։
«ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը՝ ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացումը։ Այստեղից հասկանալի է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ, և այնուամենայնիվ, կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունենալով վերահսկիչ փաթեթ, կունենա իր վերահսկողությունը; Սյսինքն, կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից՝ մեծ, փոքր, շատ, քիչ լինելուց, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող»։
Ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով, Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% բաժնեմասը, իրեն պահելով 26% բաժնեմասը, ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով։ «Այսինքն, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա, եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունակել՝ շարունակում են, եթե ոչ, եթե կողմերից որևէ մեկը առարկում է, ապա չի շարունակվում։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի ևս 50 տարով, Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ՝ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Այսինքն, սկզբնապես առաջին 49 տարում Միացյալ Նահանգները կունենան 74% բաժնեմաս, Հայաստանի Հանրապետությունը՝ 26, եթե երկարաձգվի ևս 50 տարով,Հայաստանի Հանրապետության բաժնեմասը 26%-ից կբարձրանա 49%-ի։
Եթե բաժնեմասերի օտարման՝ վաճառելու, նվիրվելու, անջատվելու, վերակազմակերպվելու խնդիր առաջանա, ապա վերջնական սեփականատերերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարության նախօրոք համաձայնությունը։ Այսինքն, չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության»։
Նա նաև տեղեկացրեց, որ ԹՐԻՓՓ ընկերությունը անմիջականորեն է զբաղվելու երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների կառուցմամբ և հետագա շահագործմամբ։
«Կլինեն այլ ենթակառուցվածքներ, և փաստաթուղթը դա է նախատեսում է, որոնց իրականացման, ծրագրման, շինարարության և հետո կառավարման համար ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է հիմնադրել դուստր ձեռնարկություններ, մասնավոր ընկերություններ, բայց կարող եմ էլի վստահեցնել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ, ենթադրաբար եկամուտներից, հույթներից իր մասով»։
