Արտակարգ դեպք, Աբովյան փողոցում հնչել է կրակnց, անչափահաս վիրավnրներ կան
Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 25 շենքի մոտից 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 2 անչափահասներ, որոնցից մեկը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածով, տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն, ևս մեկ հոգի էլ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Աբովյան փողոցում գտնվող՝ մետրոպոլիտենի համար օգտագործվող գետնանցումի տակ հայտնաբերվել է տնտեսական խանութի հսկայական ապակին փշրված, որն ըստ օպերատիվ տեղեկությունների կոտրվել է կրակոցի արդյունքում։ Իսկ դրսում տեղադրված՝ «Երևան» անունը կրող նստարանի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Նաև հայտնաբերվել է ատրճանակի «դետալ»։
Այս պահին համայնքային ոստիկանները տեղում հերթապահություն են իրականացնում, մինչև դեպքի վայր կժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչները։
Համայնքային ու քերական ոստիկանները պարզում են նաև վիրավորների ինքնությունը:
