ՍԱՊԾ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ոլորտի մասնագետներ չեն` ցենտրիֆուգը սառցարանից չեն տարբերում. Տեսանյութ

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մի շարք բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ոլորտի մասնագետներ չեն:
Ծառայության պետը, երկու տեղակալը, աշխատակազմի ղեկավարը, խորհրդականները՝ ոլորտի մասնագետներ
չեն: Ոլորտում պետք է լինեն անասնաբույժներ, ֆիտոսանիտարներ և բժիշկներ: Նրանք ունեն տնտեսագիտական կրթություն և ցենտրիֆուգը
սառցարանից չեն տարբերում, իսկ երբ փորձում ես մասնագիտական խորհուրդներ տալ, ասում
են, որ իրենք դրա մասնագետները չեն»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:
ՍԱՊԾ նոր պետը` Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ Գեորգի Ավետիսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենը աշխատանքից ազատման դիմում գրեն: Ըստ Գեորգի Ավետիսյանի, ՍԱՊԾ նոր պետը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչո՞ւ է ուզում ազատվել իրենցից: Պարոն Ավետիսյանին մտահոգում էր այն փաստը, որ Իշխան Կարապետյանը ՊՈԱԿ-ում արդեն նոր պետ ու տեղակալ է նշանակել, որոնք ո’չ կենդանիներից են հասկանում, ո’չ սննդամթերքի անվտանգությունից:
Գեորգի Ավետիսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ է անում լաբորատորիան առանձնացնել ՍԱՊԾ-ից և ընդգրկել գյուղնախարարության կազմում:
Նա պատրաստ է ազատման դիմում գրել` պայմանով, որ լաբորատորիան ղեկավարեն մասնագետներ, ինքն էլ, ինչպես վստահեցրեց, անհրաժեշտության դեպքում կաջակցի խորհուրդներով: