Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

22 փետ 2017 13:00

Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել

Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Ի թիվս այլ հարցերի՝ զեկույցն անդրադառնում է նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին:
 
Հայաստան և Ադրբեջան. համեմատություն
Ըստ զեկույցի՝ 2007-2011 թթ. համեմատ 2012-2016 թթ. ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 75% ավելի շատ զենք ու զինամթերք: Ընդ որում՝ Հայաստանի համեմատ Ադրբեջանը ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն: Հայաստանի դեպքում ամենաշատն աչքի ընկած զենքի գնումը փոքրաթիվ 280 կմ հեռահարություն ունեցող Իսկանդերների ձեռքբերումն էր: Այս հրթիռները կարող են հարվածել Ադրբեջանի տարածքում գտնվող համարյա ցանկացած կետի: Այնուհետև զեկույցը նշում է, որ Ադրբեջանը ներկրել է զենքերի ավելի լայն շարք, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ, հակաբալիստիկ հրթիռային համակարգեր և մարտական ավիացիա: Զեկույցում Ռուսաստանը նշվում է որպես զենքի կարևոր մատակարար երկու կողմերի համար էլ:
 
Ռուսաստան և Ադրբեջան
Ըստ Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի՝ 2012-16 թթ. ընթացքում Ռուսաստանը զենք է վաճառել 50 երկրների և Ուկրաինայի ապստամբ ուժերին: Ռուսաստանին է բաժին ընկնում համաշխարհային զենքի արտահանման 23 տոկոսը: Ընդ որում խոշոր գնորդների ցանկը հետևյալն է՝ Այլ կերպ ասած, Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է եզրակացնել, որ եթե Մոսկվան 2011-2016 թթ. ընթացքում համաշխարհային զենքի արտահանման 23% է մատակարարել, իսկ  Բաքվի մասնաբաժինը 4% է եղել, ապա ՌԴ-ն կոպիտ հաշվարկով նշված ժամանակահատվածում Ադրբեջանին մատակարարել է ողջ աշխարհում վաճառված սպառազինության մոտ մեկ տոկոսը: Զենք ու զինամթերքի նմանօրինակ խոշոր ներմուծումները Ադրբեջանի պես փոքր երկրի դեպքում իսկապես բարձր ցուցանիշ են: Ավելին, եթե Հայաստանը գնել է ընդհանուր առմամբ Ադրբեջանից 20 անգամ ավելի պակաս զենք, ու եթե անգամ ենթադրենք, որ ՀՀ գնած ողջ զենքը Ռուսաստանից է ներմուծվում (ինչն իհարկե իրականությանը չի համապատասխանում), ապա կստացվի, որ Հայաստանի մասնաբաժինը ռուսական զենք ու զինամթերքի արտահանումների մեջ կազմում է 0,2 տոկոսը, ինչը Ադրբեջանի 4 տոկոսի համեմատ պարզապես չնչին թիվ է:
 
«Ստրատեգիական դաշնակիցներ»
Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի հրապարակած զեկույցը հերթական հարվածն է հասցնում հայ-ռուսական «ստրատեգիական դաշնակցության» առասպելին: Ուշագրավ է, որ վերոհիշյալ զեկույցի հրապարակման օրը՝ փետրվարի 20-ին ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը հրապարակել էր հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված մանրամասն հարցազրույց ՀՀ արտգործնախարար ն.գ. Էդվարդ Նալբանդյանի հետ: Հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը ասել էր. «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում (այդ թվում և՛ Հայաստանի հետ համագործակցությամբ, և՛ որպես Մինսկի խմբի համանախագահ) տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու համար»: Սակայն, նմանօրինակ հայտարարություններ հայկական կողմը հազվադեպ է անում… Երևի թե կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել, թե քանի անգամ են ՀՀ նախագահը կամ արտգործնախարարը նմանօրինակ հայտարարություններ կատարել, նույնիսկ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո: Ավելին, Էդվարդ Նալբանդյանի վերոհիշյալ պատասխանը կարծես հատուկ այնպես ձևակերպված լինի, որ նախադասության մեջ Ադրբեջանը լինի ենթական, այլ ոչ թե Ռուսաստանը: Այլ կերպ ասած, շեշտը դրվում է նրա վրա, որ Հայաստանին դուր չի գալիս այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում և ոչ թե այն, որ ՌԴ-ն է այն վաճառում: Այնուհետև իր խոսքում գրեթե անմիջապես ՀՀ արտգործնախարարը սկսում է գովել ՌԴ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն պահպանելու ուղղությամբ: Արդ, հերթական անգամ հարց է առաջանում․ արդյո՞ք այդ ջանքերը գոնե մի քանի տոկոսով չեզոքացնում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի վնասը:  
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր