Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

07 ապր 2017 12:30

Ո՞րն է Ավետման տոնի խորհուրդը. աննկարագրելի եւ անբացատրելի

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Qahana.am-ի փոխանցմամբ, ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում եւ  մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38):
Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
Ապրիլի 7-ի Օրվա խորհուրդ
Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Աննկարագրելի եւ անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու կամ երբեմն ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես եւ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրեւ նոր կյանք պարգեւող էակներ:
Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, եւ կարեւորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք:
Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով եւ մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես եւ մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգեւոր ծնունդը: Սնունդ ենք առնում եւ ապահով ենք զգում մեր Մայր հայրենիքում: Մեր Մայր լեզուն է, որ զորացնում է մեր միտքն ու բանականությունը:
Մենք պետք է նաեւ հասկանանք, որ ապրիլի 7-ը ոչ միայն օր է, երբ տոնվում է Ս. Աստվածածնի Ավետումը, որի ընթացքում մենք նվերներ ենք ընծայում կանանց եւ մայրերին, այլեւ խորհուրդ, որ մշտապես պետք է կրենք մեր մեջ: Մեզ համար յուրաքանչյուր օր պետք է լինի ավետման օր: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ապրել Ավետման խորհուրդը: Այսօր ուրախանում ենք, երբ մեզանում ավելանում են երեխաների ծնունդները, սակայն ուշադրություն չենք դարձնում այն փաստին, որ հազարավոր երեխաներ իրենց կյանքը շարունակում են մանկատներում: Մեր ընտանիքներին եւ զավակներին առանձնակի ջերմությամբ եւ գուրգուրանքով ենք շրջապատում եւ չենք էլ հիշում, որ կան հազարավորներ, ովքեր զուրկ են օթեւանից, ծնողական քնքշանքից: Մեզ համար տոն է ապրիլի 7-ը: Մենք այն հռչակել ենք մայրության եւ գեղեցկության տոն, սակայն անհոգ ենք այն սոսկալի փաստին, երբ կանայք արհեստականորեն զրկում են իրենց մայր դառնալու աստվածատուր շնորհից: Ինչի՞ համար է այս տոնը: Զուտ ուրախանալո՞ւ, նվերներ բաշխելո՞ւ: Այդ ամենը պետք է լինի: Սակայն մենք չպետք է մոռանանք, որ Փրկիչը մեզ պատգամեց նաեւ հետեւյալ խոսքերը. «Սիրեցէ՛ք զմիմեանս»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր