Ցանկացած պահի պատրաստ ենք հակահարված տալ Ադրբեջանին, ինչպիսի ոտնձգության էլ նա դիմի
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ մայիսյան հաղթանակներին՝ նշելով, որ հայկական զորքը պատրաստ է պատասխան տալ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության:
«Մայիսին մենք երկու լուրջ ձեռքբերում ենք ունեցել. մեկը 1992 թվականի Շուշիի ազատագրումն է և երկրորդը՝ 1994 թվականի զինադադարի պայմանագիրը, որն արձանագրեց հայկական կողմի հաղթանակը: Հայ սպայի, զինվորի ոգին այնքան ուժեղ է, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք հակահարված տալ Ադրբեջանին, ինչպիսի ոտնձգության էլ նա դիմի»,-ասաց նա:
Անդրադառնալով 2016թ. ապրիլյան դեպքերին՝ Շիրակ Թորոսյանն ասաց, որ «մենք ապացուցեցինք աշխարհին և Ադրբեջանին, որ մեզ հետ ռազմական ճանապարհով հարցի լուծում չի կարող լինել»: Մասնավորապես, Շուշիի ազատագրման վերաբերյալ նա ասաց, որ Շուշին աշխարհագրական դիրքի շնորհիվ այնպիսի անառիկ պայմաններ ունի, որ գրեթե անհնար է գրավել, և այն ազատագրվել է միայն հայ զինվորի կողմից: «Շուշին ինքը վերադարձավ հայրենի երկրի գիրկը և միայն ադրբեջանցի զինվորն էր, որ չկարողացավ պահել այն: Նրանք չկարողացան այն պահել, քանի որ իրենցը չէր և կարողացան գրավել նրանք, ում պատկանում էր»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին՝ Շիրակ Թորոսյանն ասաց, որ հայկական կողմը փորձում է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի ստանձնած պարտավորություններն ու կարգավորման սկզբունքները: «Բուն բանակցություններ լինելու համար նախևառաջ պետք է այդ սկզբունքներն ապահովվեն, որ սահմանախախտները բացահայտվեն և մեղադրանքները հասցեավորված լինեն»,-ասաց նա: