18:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

27 հոկ 2017 14:38

Չեմ կարող ասել, որ մարդու իրավունքների պաշտապանությունը ընտանիքում, կբերի ընտանիքի կայունացմանը կամ ընտանիքում եղած հակասությունների վերացմանը. Հարցազրույց Հակոբ Հակոբյանի հետ

Վերջերս մեծ աղմուկ հանած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի դրական և բացասական կողմերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ:
-Պարոն Հակոբյան, Հայաստանում այսօր որքանո՞վ կա անհրաժեշտություն ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք:
-Օրենքը հիմա քննարկման նախնական փուլում է: Գաղտնիք չէ, որ Հայաստանում բնակվող ընտանիքներում մենք ունենում ենք բռնության դեպքեր: Հարցը մեկ այլ տեղում է՝ բռնության ինչպիսի՞ դեպքերը պետք է դիտարկենք, որովհետև կան երևույթներ, որոնք սովորույթի մեջ են տապակվում և կան երևույթներ, որոնք իհարկե բռնություն են համարվում: Երկրորդ խնդիրն այն է, որ այն միջամտությունը, որը  պետք է արվի ընտանիքի անդամների նկատմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանության առումով, արդյոք ճիշտ է և այն կբերի՞ ընտանիքի ամրացմանը, թե այն կհանգեցնի ընտանիքում եղած վատ հարաբերություների ավելի խորացմանը: Որն է ճիշտը, սա էլ պետք է հաշվի առնել: Փաստորեն, մի կողմից մենք ունենք խնդիր նույն ընտանիքում եղած անդամի բռնի գործողությունների հետ կապված, որոնք բաժանվում են 4 խմբի՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական, բայց մյուս կողմից էլ մենք ունենք լուրջ խնդիր չմխրճվելու ընտանեկան հարաբերությունների մեջ, քանի որ ընտանիքի անդամներից իրար հարազատ ավելի մեկը չկա, իսկ մենք փորձում ենք օրենքով կարգավորել իրար շատ հարազատ մարդկանց հարաբերությունները: Երբ խոսում ենք կնոջ  կամ տղամարդու մասին վիճակագրությունը թույլ է տալիս ասել, որ և կինն է բռնանում տղամարդու նկատմամբ և տղամարդն է բռնանում կնոջը: Եթե նրանք այդ ոճով կարողանում են իրար հետ ապրել, ապա մեր օրենսդրական միջամտությունը ի՞նչ կտա ընտանիքին, ինձ համար դժվար է պատկերացնելը: Մյուս կողմից էլ կա օրենքի անհրաժեշտությունը, որովհետև պետք է մարդու իրավունքները պաշտպանել: 
-Օրենքը կարող է արդյո՞ք կանխարգելել ընտանեկեն բռնությունները: Ո՞րն է գործիքակազմը, որով կնվազի բռնություններն ընտանիքներում: 
-Կանխարգելումը հետևյալ բնույթի է լինելու՝ պատժի միջոցները պետք է այնպիսին լինեն, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ հարաբերություններում, իր ունեցած դերակատարության մեջ զսպվածություն ցուցաբերի:
-Արդյո՞ք հասարակության իրավագիտակցության մակարդակը այնքան բարձր է, որ օրենքը ճիշտ գործի:
-Չեմ կարծում, որ այդքան բարձր է: Այո կա  մտահոգություն, և այս առումով, ես չեմ կարող ասել, որ մարդու իրավունքների պաշտապանությունը ընտանիքում, կբերի  ընտանիքի ամրությանը, կայունացմանը կամ ընտանիքում եղած հակասությունների վերացմանը:
-Հիմնականում խոսվում է կանանց նկատմամբ բռնությունների մասին, որ նրանք, վախի մթնոլորտում են ապրում և չեն բարձրաձայնում թե ինչ բռնությունների են ենթարկվում իրենց ամուսինների, ինչու չէ նաև սկեսուրների կողմից: Օրենքը կարո՞ղ է ինչ որ բան փոխել:
-Երբ նայում ենք վիճակագրության տվյալները, թե ինչպես են հավաքագրվել բռնության դեպքերը, ապա հավաքագրումը կատարվում է շատ նուրբ մտերմիկ հարաբերությունների հիմման վրա: Մի կողմից տղամարդն է բռնանում, մյուս կողմից կինը, դուք ասում եք սկեսուրը սկեսրայրը: Երբ խնձորն ամբողջական է, այն կիսելուց հետո այլևս ամբողջական չի կարող լինել, իսկ, երբ խնձորի մեջ որդեր կան, միևնույնն է այն ամբողջական է, ինչը շատ կարևոր է: Եվ հետո, օրենքի դրույթներում ընտանեական և ընտանիք եզրույթները պետք է սահմանազատվի՝ որն է ընտանեկանը, որն է բռնությունը ընտանիքում, որովհետև ընտանիքների համախմբումը դեռ ընտանիք չէ: Ընտանիքի ստանձնումը սահմանադրությամբ ամրագրված է որպես՝ կինը և տղամարդը ամուսնանում են, ստեղծում ընտանիք: Մենք այս կոնտեքստում պետք է դիտարկենք  ընտանեկան բռնությունը, պետք է հստակ ճշտենք որն է մեր նպատակը:
-Իսկ մտահոգիչ չէ երեխաների պարագան: Ինչպե՞ս պետք է տարբերակել ծնողական խրատը, վնասակար քայլերից երեխային զերծ պահելու պատիժը, բռնությունից: 
-Այստեղ տարբերակելը շատ դժվար է: Երեխաների բռնության ձևակերպումը, որից օգտվում է վիճակագրությունը շատ հետաքրքիր է, ինչը մտահոգության լուրջ տեղիք է տալիս մեզ: Հոգեբանական ագրեսիան՝ այսինքն բղավելը երեխայի վրա, կամ նրան հիմար, անբան և այլ վիրավորական արտահայտություններ անելը բռնություն է համարվում, բայց շատ հայ ընտանիքներում երեխային հասկացնելու համար, որ վատ արարք է գործել կարող են օգտագործել այս տեսակ բառեր: Ֆիզիկական բռնություններից է մատը թափահարելը, երեխայի հետույքին ձեռքով հարվածելը, հետույքին կամ մարմնի այլ  մասերին փայտով, սանրով կամ որևէ կոշտ առարկայով հարվածելը: Իհարկե փայտով հարվածելը բռնություն է, բայց բոլոր մայրերն էլ չարաճճի երեխաների հանդեպ վերը նշված մյուս միջոցները կիրառում են: Այստեղ մենք պետք է կարողանանք տարբերակել որն է մեր ընտանեկանը և, որ դեպքում կարելի է ծնողին դիտողություն, նկատողություն անել:
-Այս օրենքի նախագիծը բուռն քննադատության ենթարկվեց և որակվեց որպես բռնություն ընտանիքի նկատմամբ: 
-Մեզ համար կարևոր է, երբ օրենքի ուժի, համապատասխան լիազոր մարմնի ազդեցությունը կբերի նրան, որ ընտանիքը կկայունանա, դա շատ լավ է, իսկ, եթե միջամտության արդյունքում ընտանիքում եղած հակասությունները կսրվեն՝ իհարկե շատ վատ է: Դրա համար այնպիսի օրենք պետք է ունենաք, որ կարողանանք վատից խուսափել:
-Օրենքով պետությունն իր առջև խնդիր է դնում ընտանեկան բռնությունների հետ կապված կանխարգելիչ գործառույթ իրականացնել: Պետությունը պետք է կադրեր ունենա, կադրերի վերապատրաստում իրականացնի, հոգեբանական և իրավաբանական աջակցության կենտրոն և ապաստարաններ ստեղծի, ինչի համար բավական մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Այսօր մեր երկիրը պատրա՞ստ է դրան: 
-Եթե օրենքը ընդունում ենք, հետևաբար օրենքը կիրառելու համար համապատասխան բոլոր միջոցները պետք է գտնենք:
-Շատ է նշվում, որ բռնությունների համար պատիժներ են նախատեսված քրեական և այլ օրենքներով և նոր օրենքի անհրաժեշտություն չկա: Այս դեպքում ինչո՞ւ ենք առանձնացնում: 
-Հարցադրումը կա և այն բնական է: Սա նախնական քննարկման փուլում է գտնվում: Միգուցե ընտանեական, քաղաքացիական, քրեական օրենսգրքերում սահմանված պատիժները տեղափոխվեն հենց այս օրենք: 
-Ընտանիքը փակ է և այնտեղ մտնելու համար օրենքով առանձնահատուկ կարգ պետք է սահմանվի: Իրավապահ մարմնի աշխատակիցը, ոստիկանը իր լիազորությունները իրականացնելիս արդյո՞ք չի չարաշահի այն: 
-Մենք գործ ունենք մարդկային հարաբերությունների հետ: Կա օրենք, կա կատարող: Քննարկումները մենք այնպես պետք է ծավալենք, որ հասարակությունն էլ իր հերթին ավելի լավ իմանա իր իրավունքները:
Հարցազրույցը՝ Լուսինե Մանանդյանի

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր