Դպրոցականների պայուսակները չպետք է 4 կգ-ից ավելի կշռեն

Փաստաթղթի համաձայն՝ ուսումնական հաստատության յուրաքանչյուր հարկում պետք է տղաների եւ աղջիկների համար նվազագույնը մեկական զուգարան լինի: Ջարդված զուգարանակոնքերը, լվացարանները եւ սանհանգույցի այլ գույքը պետք է անմիջապես նորոգվեն:
Հաստատության զուգարանների սենքերը եւ սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Ալթունյանի հրամանի համաձայն՝ ուսումնական հաստատությունները պետք է ապահովված լինեն տաք ջրով, ըստ որում՝ լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի Ցելսիուսի 37 աստիճանից ոչ բարձր:
Հրամանի համաձայն, սանհանգույցներում, առկա ցնցուղարաններում, բժշկի կաբինետում և սննդի կառուցահատվածում պիտի իրականացվի ամենօրյա խոնավ մաքրում ախտահանիչ լուծույթների օգտագործմամբ, առնվազն օրը 2 անգամ։
Ինչ վերաբերում է դասացուցակին, ապա հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է:
Սովորողների ուսումնական պարապմունքների ժամանակ հոգնածության, կեցվածքի, տեսողության խանգարումների կանխարգելման նպատակով դասերի ընթացքում կազմակերպում են ֆիզկուլտ դադարներ եւ աչքերի համալիր վարժություններ:
Դասամիջոցների տեւողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տեւողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպեով: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ եւ/կամ 3-րդ դասաժամերից հետո:
Սովորողների կողմից բերվող դասագրքերի եւ գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:
Փաստաթուղթը ուժի մեջ է մտել դեռեւս 2017 թվականի մայիսի 12-ին: