Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին. «Ժամանակ»

Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ամենեւին չի հայտարարի «Ելք»-ից դուրս գալու մասին, այլ կօգտվի այն հանգամանքից, որ դաշնակիցները ամենեւին պարտավորված չեն բոլոր քայլերն անել կոնսենսուսով, առավել եւս խորհրդարանից կոնսենսուսով գնալ հրապարակ:
«Ելք»-ի կոնսենսուսը, խոշոր հաշվով, մնացած խորհրդարանի շրջանակում, իսկ դրանից դուրս դաշնակիցները, փաստորեն, մնացին ազատ, առանց միմյանց հանդեպ պարտավորությունների, ինչն էլ ներկայումս փորձում է օգտագործել ՔՊ առաջնորդը:
Այդ դեպքում, կստեղծվի բազմաիմաստ իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանն առնվազն «Ելք»-ի շրջանակում կստանա առավելություն՝ նա գոնե գնացած կլինի հրապարակ:
Բանն այն է, որ «Ելք»-ը, ըստ էության, գնալու այլ տեղ չունի էլ: Իհարկե, չի նշանակում, որ հրապարակում սպասվում է լուսավոր ապագա, սակայն բանն այն է, որ հրապարակ գնացող ուժը կերկարաձգի դաշինքի, այսպես ասած, ոչ լուսավոր ապագան, որովհետեւ մնացողների համար խորհրդարանական թունելի վերջում լույսն արդեն անջատվել է:
Ինչ-որ իմաստով, Փաշինյանն անելանելի դրության մեջ է դնում մյուս երկու կուսակցություններին: Նրանք արդեն իսկ պարտվել են «Քաղաքացիական պայմանագրին» կամ Նիկոլ Փաշինյանին, եթե չեն առաջարկի Ազատության հրապարակ գնալու այլընտրանք: Չգնալն ամենեւին այլընտրանք չէ:
Գործնականում, Նիկոլը գնում է ընդհուպ լատենտ շանտաժի, բավական բաց տեքստով հայտարարելով, որ իր քաղաքական նպատակի եւ հաշվարկի համար պատրաստ է նույնիսկ գնալ «Ելք»-ը քանդելուն, իհարկե, ոչ ուղղակի, այլ հարցը դնելով «կամ-կամ» տրամաբանությամբ:
Նա կսպասի, որ իրեն հեռացնեն, այսինքն՝ քանդելու քայլն անեն մյուսները, ոչ թե կանի ինքը: Մի կողմից, նա այդպիսով իր վրա չի վերցնի դաշինքը քանդելու պատասխանատվությունը, մյուս կողմից՝ գուցե հաշվարկը այն է, որ մյուս երկու ուժերը չեն գնա այդ ճանապարհով եւ ակտիվ կամ պասիվ կենթարկվեն Նիկոլի մարտավարությանը:
Մի կողմ թողնենք այդ մարտավարության հեռանկարայնությունն ու ռացիոնալությունը: Փաստացի, Նիկոլն անում է քայլ, որը «անպարտելի» է դաշինքի շրջանակում այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ քայլ չեն արել մյուս երկու ուժերը: Նա գնդակը, ինչպես ասում է, տեղափոխել է նրանց դաշտ, բայց չի տվել նրանց ձեռքը՝ գնդակը խաղարկում է Նիկոլը, առայժմ:
Կարողանալո՞ւ են այն խլել մյուս երկու ուժերը, թե՞ միանալու են սեփական դարպասին կազմակերպված գրոհին: Իսկ գրոհը առնվազն առայժմ եւ տեսանելի ապագայում ավելի շատ «Ելք»-ի, քան իշխանության դարպասին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: