Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

16 մար 2018 13:10

Եզդիերեն հայհոյախառն բացականչություններ դատարանում․ ընթանում է Շամիրամում 4 եզդիների սպանողի դատը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 16-ին, շարունակվում է եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով դատավարությունը: Այս գործով դատավորը Սուրեն Մնոյանն է:
Դատարանը լեփ-լեցուն է  մահացածների հարազատներով։
Դատական կարգադրիչները երբ դահլիճ բերեցին մեղադրյալ Թելման Քալաշյանին, դահլիճում գտնվող մահացածների հարազատները նրան անվանեցին տեռորիստ եւ սկսեցին հայհոյել մեղադրյալին, վերջինս նունպես եզդիերեն ինչ-որ բաներ ասաց եւ դատական կարգադրիչները նրան հեռացրին դահլիճից, իրավիճակը հանդարտեցնելու համար։
Նշենք, որ առաջին նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 14-ին, դահլիճում ներկա գտնվողները բավականին վրդովված էին եւ  անընդհատ «տեռորիստ» էին գոռում ամբաստանյալների հասցեին: Դատարանի դիմաց նույնպես լարված իրավիճակ էր: Այստեղ էին հավաքվել սպանվածների հարազատները, որոնց մեծ մասը չկարողացավ մտնել ներս, քանի որ տեղ չկար:
Լրագրողների հետ զրույցում սպանված Օզմանյանների բարեկամ Միշա Օզմանյանը նշել էր, որ պաշտպանական կողմը հատուկ է ձգձգում նիստերը. «Այստեղ գտնվողներիս 90 տոկոսը Ռուսաստանից է եկել, նրանք չեն կարող այստեղ երկար մնալ, դա իմանալով հանդերձ՝ իրենք անհիմն նիստերը հետաձգում են»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:
Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:
Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր