Հունիսի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սահմանադրական դատարանը ՀՀ-ում մշտապես եղել է կառավարությանը կից մարմին, ընդդիմությանը մնում է երեք տարբերակ    

25 հուն 2026 20:57

Սահմանադրական դատարանը ՀՀ-ում մշտապես եղել է կառավարությանը կից մարմին, ընդդիմությանը մնում է երեք տարբերակ

Սահմանադրական դատարանը ՀՀ-ում մշտապես եղել է կառավարությանը կից մարմին, ընդդիմությանը մնում է երեք տարբերակՎաղը՝ հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանը կսկսի քննել ընտրությունների արդյունքները վիճարարկող դիմումները:

Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

Ընտրություններին մասնակից մի շարք քաղաքական ուժեր դիմել են Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով: Ի՞նչ կարող ենք ակնկալել հարցին ի պատասխան Արմեն Բադալյանը նշեց.

«Դեռ 1996 թվականից բոլորը դիմում են Սահմանադրական դատարան՝ ընտրությունները կեղծված ճանաչելու համար, եթե չեմ սխալվում, միայն 2003 թվականին Սահմանադրական դատարանը խորհուրդ տվեց երկրորդ նախագահին մեկ տարի հետո անցկացնել վստահության հանրաքվե, մնացյալ դեպքերում Սահմանադրական դատարանն ընդամենը հաստատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները՝ առանց որևէ փոփոխության: Չեմ կարծում, թե այս անգամ այլ պատկեր պետք է լինի:

Քանի որ վարչապետն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ ասել է, որ նոր ընտրություն չի լինելու, դրա համար էլ հասկանալի է, որ նոր ընտրություն չի լինելու, եթե անգամ այն երեք ընտրատեղամասի վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը չեղյալ հայտարարվի, տրամաբանական է, որ այդ տեղամասերում պետք է վերաքվեարկություն լինի, ինչը նշանակում է նոր ռիսկեր իշխանության համար:  Հետևաբար չեմ տեսնում որևէ հիմք, որ Սահմանադրական դատարանը կբավարարի այդ քաղաքական ուժերի պահանջը:  Եթե այդ երեք տեղամասում վերաքվեարկություն նշանակվի, ապա ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչները կոչ անեն իրենց կողմնակիցներին գնալ քվեարկել «Բարգավաճ Հայաստանի» օգտին, որպեսզի իշխող քաղաքական ուժը երեք հինգերորդ չունենա: 

Այն, որ այդ ընտրատեղամասերում քվեարկած բնակչությանը զրկել են քվեարկելու իրավունքից, ըստ իս, սահմանադրական կարգի խախտում է, որովհետև առանց օրենքի այդ մարդկանց իրենք դարձրել են ձայնազուրկ: Եթե Սահմանադրական դատարանն այդ երեք ընտրատեղամասում վերաքվեարկության որոշում կայացնի, նշանակում է դեմ է գնում իշխող քաղաքական ուժին, մինչդեռ Սահմանադրական դատարանը Հայաստանում մշտապես եղել է կառավարությանը կից մարմին: 

Սահմանադրական դատարանը Հայաստանում միշտ էլ գործել է «պետպատվերի» շրջանակում, սա նորություն չէ: Խորհրդարան անցած երկու քաղաքական ուժերն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցոթյունը, Սահմանադրական դատարան դիմելով ու սպառելով իրավական ողջ գործընթացը, կարող են նոր միայն փողոցային պայքար մղելու հիմք ունենալ, հակառակ դեպքում նրանց շատ հանգիստ կասեին, որ պետք էր դիմել Սահմանադրական դատարան, ու պայքարի կարիք չէր լինի։ Նման խոսակցություններից խոսափելու համար են դիմել Սահմանադրական դատարան, թե հետո ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել: Եթե չլինի Մոսկվայի բավականին տեսանելի ու գործուն աջակցությունը, ապա այդ ուժերը վերցնելու են մանդատներն ու գնալու են խորհրդարան: 
Ռուսաստանն արդյոք հետ կկանգնի՞ Հայաստանում նոր իշխանություն ձևավորելու իր քաղաքական կուրսից, եթե չէ՝ պետք է լինի աջակցություն, որովհետև ընդդիմությունը առանց դրա կջարդվի, քանի որ իշխանությունը իր ռեպրեսիվ ապարատով ամեն բան կկանխի»:

Տարածված տեսակետներին, որ Նիկոլ Փաշինյանի համար ձեռնտու է նոր ընտրություններ անցկացնելը, քանի որ նա չի ստացել սահմանադրական մեծամասնությունն ապահովող ձայների քանակ քաղտեխնոլոգը նշեց.

«Այդ տեսակետն ընդհանրապես արդիական չէ: Նիկոլ Փաշինյանին պետք էր ունենալ այդ երեք հինգերորդը՝ որոշակի պաշտոններում նշանակումներ կատարելու համար, որովհետև եթե նա չունենար երեք հինգերորդը, ապա իրավական համակարգում ճեղքում կառաջանար, բայց հիմա այդ ճեղքումը վարչապետը վերացրել է ու ցույց տվեց, որ իրավական համակարգի ղեկավարը ինքն է: 

Եթե ասում են, թե սահմանադրական մեծամասնություն չունի ու չի կարող Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, ապա կարող է ամբողջովին նոր Սահմանադրություն ընդունել: Սահմանադրությունը կարող է անգամ քաղաքացիների նախաձեռնությամբ փոխվել. անհրաժեշտ է ստորագրահավաք կազմակերպել, իսկ վարչական ռեսուրսի կիրառմամբ այդ հարցը կլուծեն, հետևաբար սահմանադրական մեծամասնություն չունենալն այդ հարցում որևէ խոչընդոտ չի ստեղծում իշխանության համար: 

Ընդդիմությանը մնում է երեք տարբերակ. վերցնել մանդատներն ու Ռուսաստանի աջակցությամբ, ինչպես նաև հետագայում փողոցային պայքար գեներացնելով՝ սոցիալական դժգոհության հիմքով, հասնել քաղաքական իշխանափոխության: Երկրորդ՝ չվերցնել մանդատներն ու Ռուսաստանի գործնական աջակցությամբ փորձել իշխանափոխություն անել: Երրորդ՝ վերցնել մանդատները, ինչ-որ գործողություն իրականացնել ու չհաջողել, վարչապետն էլ հեռացնում է ռուսական ներկայությունը Հայաստանից: Այդ դեպքում մենք կփաստենք, որ ՔՊ-ն հաղթեց Ռուսաստանին: Թե ո՛ր զարգացումը կլինի՝ այս պահին դժվար է ասել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր