Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

21 մար 2018 19:04

Ռետինե լարաններ եւ համազգեստավոր անվտանգության աշխատակիցներ. Ինչպես են հիվանդներին զսպում հոգեբուժարաններում

 
Հայաստանի հոգեբուժական կլինիկաներում օգտագործվում են օրենքով չսահմանված հարկադրանքի միջոցներ, որոնք հոգեբուժության մեջ անվանում են զսպման միջոցներ: Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցը:
Նրա խոսքով՝ օրենքով նախատեսված են զսպման հետեւյալ միջոցները՝ ֆիզիկական զսպում, դեղորայքային հանգստացում եւ մեկուսացում: Հայաստանի հոգեբուժական հաստատություններում օգտագործվում են մեխանիկական միջոցներ, եւ դրանց ցանկը նույնպես հաստատված է նախարարի հրամանով:
«Մեր մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ տարբեր հոգեբուժական հաստատություններում միջոցներ են օգտագործում, որոնք նախատեսված չեն տվյալ հրամանով: Օրինակ՝ «Նուբարաշենում» օգտագործվում են ռետինե լարաններ, այնտեղ եւ Վարդենիսի կլինիկայում օգտագործում են սավաններից պատրաստած պարաններ, գործվածքից գոտիներ: Դրանք բոլորը այս հրամանով հաստատված չեն: Հնարավոր է՝ պրակտիկայում դրանք ավելի արդյունավետ են, բայց իրավական հիմք չունեն, եւ կարող են որոշ դեպքերում վտանգի ենթարկել հիվանդի առողջությունը»,- ասաց օմբուդսմենը՝ հավելելով, որ ապօրինի միջոցների օգտագործումը պատասխանատվություն է նախատեսում:
Արման Թաթոյանը նաեւ հայտնեց, որ շատ հաստատություններում ֆիզիկական զսպման առանձին սենյակներ չկան, սա կատարվում է հիվանդասենյակներում՝ մյուս հիվանդների աչքերի առաջ, եւ այս միջամտությանը հաճախ մասնակցում են անվտանգության ծառայության աշխատակիցները: Օրինակ՝ «Ավան» կլինիկայում անվտանգության ծառայության աշխատակիցները բաժանմունքներում են եւ համազգեստով են, ինչը հակասում է միջազգային պրակտիկային, եւ սա պետք է դադարեցնել: Անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատաքը պետք է կազմակերպվի բաժանմունքից դուրս:
Օմբուդսմենի խոսքով՝ առողջապահության նախարարի 2 հրամանով զսպման մեթոդներ կիրառելու դեպքում պետք է լրացվեն հատուկ մատյանները, սակայն շատ բուժհաստատություններում դրանք ինչպես հարկն է չեն լրացվում, դրանցում կնիք չկա, գրառումներ կան մատիտով եւ այլն:
Նա հավելեց, որ մոնիթորինգի ընթացքում իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում են եղել նաեւ բուժանձնակազմի աշխատանքային ժամերի եւ նրանց պաշտպանվածության, սոցիալական երաշխիքների հարցերը: Պարզվել է, որ մեծ թվով բուժհաստատություններում կադրերի պակաս կա: Երեւանի սահմաններից դուրս գտնվող հոգեբուժական կլինիկաներում հոգեբույժների գիշերային հերթապահություն չկա, իսկ հերթապահող միջին բուժանձնակազմի թիվն անբավարար է: Անձնակազմի թիվն անբավարար է մեծ մասամբ այն բաժանմունքներում, որտեղ պահվում են խնամքի կարիք ունեցող մարդիկ: «Դեպքեր են գրանցվել, երբ կանանց բաժանմունքում հերթապահել են տղամարդ սանիտարներ, ինչն անթույլատրելի է կանաց արժանապատվության նվաստացման տեսակետից: Այլ դեպքերում տղամարդկանց ոչ բոլոր բաժանմունքներում կան տղամարդ սանիտարներ, ինչը եւս դժվարություններ է ստեղծում»,- ասաց նա:
Օմբուդսմենի կարծիքով՝ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ամբողջությամբ գնահատել հոգեբուժական կլինիկաների կարիքները, որոշել, թե որքան հաստիք է հասնում, մարզային կլինիկաներում անհրաժեշտ է հոգեբույժների հերթապահություն սահմանել: Անհրաժեշտ է նաեւ վերանայել բուժանձնակազմի վերապատրաստման ծրագրերը, հատկապես զսպման միջոցների կիրառման մասով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր