Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

29 մար 2018 18:20

Հայ-ռուսական հանձնախումբը քննարկել է Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի հարցը

 
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում   տեղի է  ունեցել հայ-ռուսական  hամատեղ համակարգող հանձնախմբի 6-րդ նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանի եւ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի  տեղակալ, զարգացման եւ միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի գլխավորությամբ։
Նիստում քննարկվել են 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ առաջիկա տարիների անելիքները. սարքավորումների փոխարինման, արդիականացման աշխատանքների ծավալն ու ժամանակացույցը:
Կողմերն ընդգծել են կայանի մեքենայական սրահի արդիականացման աշխատանքների ընթացքի արդյունավետությունը, մասնավորապես նշվել է, որ արդեն կայան են մատակարարվել տուրբինները, տուրբոգեներատորները, բլոկային տրանսֆորմատորները եւ կոնդենսատորի մոդուլները: Արդիականացվել են վերանորոգման համար նախատեսված մեքենայական սրահի կռունկները, նախապատրաստվել է պլանային-նախազգուշական վերանորոգման ծրագիրը, որը կմեկնարկի 2018 թվականի հունիսից: Նշվել է, որ ապրիլի 14-ին կկանգնեցվի թիվ 4 տուրբոագրեգատը, կփոխարինվեն կոնդենսատորը եւ զատիչ-շոգեգերտաքացուցիչը: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը, թիվ 3 տուրբոագրեգատը, կարդիականացվի թիվ 3 տուրբինը, կփոխարինվեն  բարձր ճնշման գլանը, ցածր ճնշման գլանի ռոտորը եւ զատիչ-շոգեգերտաքացուցիչը, ինչպես նաեւ  թիվ 3 տուրբոագրեգատի գեներատորը եւ գլխավոր տրանսֆորմատորը: Նախատեսվում է 2018 թ. ավարտել թիվ 1 հովացման  աշտարակի արդիականացման աշխատանքները։ 
Անդրադարձ է եղել ՀԱԷԿ-ի աշխատակիցների եւ  ներգրավված մասնագետների  վերապատրաստման հարցերին: Նախատեսվում է, որ 2018թ.  հունիս-հուլիս ամիսներին կայանում  կաշխատեն կապալառու կազմակերպությունների  մոտ 600 աշխատակիցներ:
Քննարկվել են մարդասիրական ոլորտում համագործակցության եւ Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում կադրերի պատրաստման հարցերը:  Այդ համատեքստում  նշվել է, որ 2018 թ. մարտին Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ են ընդունվել  դիմորդներ Հայաստանից, ինչպես նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռուս մասնագետների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են կրթական միջոցառումներ:
Նիստի  ավարտին`  քննարկման  արդյունքներով  ստորագվել է արձանագրություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր