«Սերժ Սարգսյանը գտնվում է քաղաքական կլինիկական մահի շրջանում». Արամ Հարությունյանը հացադուլ է սկսել (ֆոտո)

Արամ Հարությունյանի խոսքով, Սերժ Սարգսյանն ապրիլի 9-16-ը քաղաքականապես կլինիկական մահի կարգավիճակում է լինելու. «Ինչու կլինիկական մահ, քանի որ այս ընթացքում իշխանություն կրողը որեւէ իրավական լծակ չունի: Հացադուլի հիմնական նպատակը քաղաքական ուժերի համախմբումն է, որը կարող է նաեւ ժողովրդի մոտ հույս ու պայքարի հոգի արթնացնել, ովքեր իրենց հերթին կհամախմբվեն հրապարակում»,- ասաց Հարությունյանը:
Ըստ բանախոսի իշխանությունները եւ 2017 թվականի ԱԺ ընտրություններով ձեւավորված մեծամասնությունը լեգիտիմ չէ. «Այս իշխանության օրոք է, որ մենք տարածքներ ենք տվել, զոհեր ենք ունեցել, մեծացել է արտագաղթը, արտաքին պարտքը եւ այսօր նման կուսակցությունը, որը լեգիտիմ չէ, բարոյական իրավունք չունի վարչապետ ունենալ»,- ասաց Արամ Հարությունյանը՝ կոչ անելով ժողովրդին խաղաղ ընդվզման միջոցով պայքարել ու հասնել նոր իշխանությունների ձեւավորմանը:
Հացվադուլը տեւելու է մինչեւ ապրիլի 16-ը: Նրա կարծիքով սա միջոց է ժողովրդի ու քաղաքական ուժերի ուշադրությունը այս ուղղությամբ սեւեռելու համար. «Կարծում եմ, եթե ժողովուրդը քաղաքական ուժերի մոտ համախմբվածույթուն նկատի, ապա անպայման դուրս կգա հրապարակ»,- ասաց Արամ Հարությունյանը:

