Ջավախքից բեռնատարները հասան Հայաստան. Տեսանյութ          Միայն այս դեպքում հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը.Չավուշօղլու       Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի    

10 ապր 2018 17:20

Հարկային տեսուչը՝ մեղադրյալի աթոռին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանին հնարավորություն է ընձեռել տևական ժամանակ առանց համապատասխան հարկային հաշվառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` հարկային մարմնից թաքցնելով այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտները:
Այսպես, Շիրակի մարզի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանը 2017 թվականի նոյեմբերին Գյումրի քաղաքում առանց հարկային մարմնում հաշվառելու հիմնել է հացի արտադրամաս և զբաղվել հացի արտադրությամբ: Այդ մասին տեղեկանալով՝ Գ. Ուզունյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ձեռնարկատիրոջ կատարած իրավախախտման փաստը չարձանագրելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, միջոցներ չի ձեռնարկել Գ. Ուզունյանի կողմից առանց հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը և պետությանը պատճառված վնասի չափը պարզելու, ինչպես նաև հիշյալ անհատ ձեռնարկատիրոջը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ա. Հովհաննիսյանի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, իսկ Գ. Ուզունյանին հնարավորություն է ընձեռնվել տևական ժամանակ առանց հարկային հաշվառման և հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ հարկային մարմնից թաքցնել այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտները:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարկային տեսուչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր