Այս սահմանադրական ճգնաժամի հեղինակները՝ Սահմանադրության «Ճարտարապետները» պետք է պատժվեն, պետք է դատվեն. Տեսանյութ

Նորայր Նորիկյանի խոսքով, որպեսզի Ազգային ժողովում
քաղաքական ուժերի ճիշտ դասավորոթյուն լինի, անհապաղ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Միևնույն ժամանակ փաստաբանը վստահ է, որ եթե անգամ հնարավոր չլինի փոխել ընտրական օրենսգիրքը և այս ձևով գնալ ընտրությունների, միևնույնն է «Հանրապետական» կուսակցությունը պարտվելու է. «Այս պահին տեսնում եմ ընտրական օրենսգրքում շատ խութեր։ Հենց ռեյտինգային համակարգում, բայց մենք պետք է իրողություններով առաջնորդվենք, առանց «Հանրապետական» կուսակցության համաձայնության բան չի փոխվելու։ Նրանք իրենց կոճակները սեղմելու են։ Դրա համար պետք է կա՛մ գալ նրանց հետ պայմնավորվածության և փոխել ընտրական օրենսգիրքը, կամ այս կերպ անցկացնել ընտրությունները։ Ես համոզված եմ, որ իշխանության եկած թիմը հաղթելու է։ Ես վստահ եմ, որովհետև այն ուժը, որը հիմա հրապարակում է, վայելում է ժողովրդի վստահությունը»,-
ասաց Նորայր Խորիկյանը։
Ըստ Սահմանադրության՝ վարչապետ ընտրվելու դեպքում, 15 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարտավոր է նշանակել նախարարներին, իսկ 20 օրվա ընթացքում ներկայացնել կառավարության կազմն ու ծրագիրը. «Սահմանադրության պահանջն է, որ Ազգային Ժողովում պետք է լինի կայուն քաղաքական մեծամասնություն։ Այս պահին պարզ չէ, թե «Ելքը»,
«ՀՅԴ»-ն և
«Ծառուկյան» դաշինքը հանդիսանալու են ընդդիմություն, թե իշխանություն։ ՀՀԿ-ն ֆորմալ առումով ունենալով քաղաքական մեծամասնություն՝ հանդիսանալո՞ւ է արդյոք ընդդիմություն թե ոչ։ ԱԺ կանոնակարգման հոդվածը սահմանում է, կուսակցությունները որոնք ձևավորելու են կառավարությունը պետք է ստորագրեն հուշագիր, և այդ ուժերը լինելու են կառավարող ուժեր և մնացածը հանդիսանալու են ընդդիմություն։ Դատելով ՀՀԿ հայտարարություններից՝ նրանք չեն ստորագրելու հուշագիրը, ինչը ենթադրում է, որ լինելու են քաղաքական մեծամասնություն և
դե ֆակտո լինելու են ընդդիմություն։ Սա բացառիկ իրավական կազուս է»,-
նշեց Նորայր Նորիկյանը, հավելելով, որ այս ամենը Սահմանադրական ճգնաժամ է առաջացնում երկրում։
«Սա Սահմանադրության կազմողների, ճարտարապետների դեմքն է։ Այս
սահմանադրական ճգնաժամի հեղինակները պետք է պատժվեն, պետք է դատվեն մեր երկրի սահմանաիրավական կարգը այսպիսի զավեշտի, փլուզման եզրին հասցնելու համար։ Հուսով եմ, նոր իշխանությունները կփորձեն լրացնել և կարգի բերել բոլոր բացերը»,- ավելացրեց Նորայր Նորիկյանը։