Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

07 մայիս 2018 20:53

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում կարող է փողոցային պայքարն էլ գլխավորել, հանրային ճնշումը պետք է չթուլացվի. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը խոսեց առաջիկա քաղաքական գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, ըստ ամենայնի մենք վաղը կունենանք ՀՀ նոր վարչապետ՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի: Սակայն նա կարծում է, որ սրանով այն ճգնաժամը, որի մեջ գտնվում է Հայաստանը, ամենևին էլ չի հարթվում. «Մենք բավականին ծանր ճգնաժամի առաջ ենք այսօր: Այդ ճանապարհը թե՛ երկար է, թե՛ փշոտ, թե՛ նոր կառավարության համար՝ նաև ականապատված: Այդ կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն չի ունենալու, և այնպես չէ, որ այն ձայները, որոնք կգան Նիկոլ Փաշինյանի օգտին՝ որպես վարչապետ, կլինեն իր քաղաքական հենարանը, և այդ նույն քանակի ձայները նոր կառավարությունը կստանա, երբ օրենսդրական նախաձեռնություններ կբերի այդ խորհրդարան: Մենք հասկանում ենք, որ քանի կա այս խորհրդարանը, այս մեծամասնությունը, ճգնաժամը հաղթահարված չի կարելի համարել»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը, հավելելով, որ հաջորդ քայլը պետք է լինի վաղաժամ խորհրդարանական ընտրությունների հարցը վերջնականորեն լուծելը: Առաջիկա օրերին պետք է պարզ դառնան ժամկետները, թե ընտրական օրենսդրության մեջ ինչ նոր գաղափարախոսություն է մտնելու և դրան տրվեն շուտափույթ կերպով իրավաբանական ձևակերպումներ:
 
Ռուբեն. Մեհրաբյանը նաև ասաց, որ կարծում է՝ ՀՀԿ-ն ամեն ինչ կանի՝ արտահերթ ընտրություններ թույլ չտալու համար: Ըստ նրա՝ ոչ մի դեպքում հանրային ճնշումը թուլացնել պետք չէ. «Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն այսօր ունի մեկ հենարան՝ դա ժողովրդի կարծիքն է, ուրիշ հենարան չունի: Կարող է՝ հանրահավաք էլ հրավիրել, դուրս գալ և ելույթ ունենալ: Դա ամենևին էլ ամբոխավարություն չէ»:
 
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը Ռուբեն Մեհրաբյանը ասաց, որ. «Հայաստանի նոր ներքին քաղաքականությունն անխուսափելիորեն պահանջելու է նոր որակի արտաքին քաղաքականություն: Հայաստանը պետք է սկսի ներգաղթի գործընթաց բոլոր անբարենպաստ երկրներից»: Իսկ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը մնալու է ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում բանախոսը նկատեց. «Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է այդ իմաստով, որ Հայաստանը, այո՛, այս պահին հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն չունի: Խոսքը վերաբերում է Հայաստանի անդամակցությանն այդ կազմակերպություններին, որ Հայաստանը միտք չունի ռուսական բազաներին ձեռք տալ այստեղ, բայց նաև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք մենք պետք է լուծենք: Այո, հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն լրջագույն գույքագրման, երկրորդ՝ այն պետք է ուղղահայաց հարթությունից բերվի հորիզոնական հարթության և դառնա քաղաքակիրթ, 21-րդ դարին վայել միջպետական, քաղաքակիրթ հարաբերություններ՝ փոխշահավետ հիմքի վրա: Կստացվի՞ դա: Կարծում եմ՝ դա չափազանց բարդ խնդիր է, բայց պետք է փորձել դա անել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր