Թաքնված ական՝ Նիկոլ Փաշինյանի տակ. Ծառուկյանը «քցո՞ւմ» է

Փաշինյանն իրեն սատարող քաղաքական ուժերի համապատասխան քայլը դրականորեն ընդունեց, ու նույնիսկ ինչ-որ մի պահ խոսք էր գնում ազգային համաձայնության կառավաություն կազմելու մասին: Նրա այդ քայլն իսկապես ուներ քաղաքագիտական հիմնավորում, ու հատկապես ԲՀԿ-ի աջակցությունն այսպես թե այնպես Նիկոլին պետք էր գալու՝ ԱԺ-ում խնդիրների չբախվելու համար:
Մամուլում ուշագրավ տեղեկություններ են հայտնվել հեղափոխությանը հետևած որոշ անդրկուլիսյան պրոցեսների մասին: Մասնավորապես՝ Փաշինյանն, ըստ լուրերի, ինչպես ԲՀԿ-ին, այնպես էլ ՀՅԴ-ին նոր կառավարության կազմում ընդգրկվելու համար առաջարկել է պաշտոնական կոալիցիա ձևավորել: Ըստ աղբյուրի` նաև ակնարկել է, որ դեմ չէր լինի հատկապես ԲՀԿ-ի հետ նաև կոալիցիայի միջոցով ընտրությունների գնալուն: Սակայն Գագիկ Ծառուկյանը կտրուկ մերժել է պաշտոնական կառավարական կոալիցիայի գաղափարը:
Թե ինչով է պայմանավորված Ծառուկյանի նմանօրինակ կեցվածքը ժողովրդի թեկնածուի նկատմամբ, իրականում դժվար չէ կռահել. Ծառուկյանը չի ցանկանում պատասխանատվության տակ մտնել ու ստորագրել մի փաստաթղթի տակ, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ իր կողմից ներկայացվող քաղաքական ուժի համար: Նա նախընտրում է Փաշինյանի հետ լինել այսպես ասած միայն ուրախության ընկեր՝այն էլ «անշառ» իրավիճակներում, բայց ոչ երբեք նրա հետ հավասար կիսել պատասխանատվություն՝ իր այդ կեցվածխքով փաստի առաջ կանգնեցնելով վարչապետին: Այս պարագայում հարց է ծագում՝ եթե վճռորոշ պահին «Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է պաշտոնական հարաբերությունների մեջ մտնել Փաշինյանի հետ ու ստորագրել նրա հետ հավասար պատասխանատվության տակ հայտնվելու մասին հուշագիրն, ապա ինչպե՞ս կարելի է պարզել՝ որքանո՞վ է նա իր մղումներում ի սկզբանե անկեղծ գտնվել «թավշյա հեղափոխության» ու դրա հետևում կանգհնած ժողովրդի հետ, և կամ նման խուսափողական կեղվածքով Ծառուկյանը միտումնավոր չի՞ թուլացնում Փաշինյանի ժամանակավոր կառավարության քաղաքական հենքը, թե՞ պարզապես վստահ չէ, որ ԲՀԿ-ական կադրերը կարող են իրավիճակից պատվով դուրս գալ ու չխայտառակել շեֆի «անբիծ» համբավը:
Երբ պարզ դարձավ, որ «Ծառուկյան» դաշինքը միանում է Նիկոլի շարժմանը, կար մտավախություն, որ դա իրականում արվում է ոչ թե պարզապես ժամանակային տենդենցներից հետ չմնալու համար, այլ կոնկրետ նպատակով՝ Նիկոլ Փաշինյանին մեջքից հարվածելու: Վերջիվերջո շատ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ Հայաստանի գլխավոր օլիգարխներից մեկի անձնական շահերից չէ,որ կարող է բխել երկրում արդարության մթնոլորտի հաստատումը,քանի որ այդ պարագայում Ծառուկյանը ստիպված է լինելու ուզած-չուզած ասենք պարբերաբար բավարարել զորօրինակ նրա ընտանիքին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատավորների արդարացի պահանջներն, ովքեր, ի դեպ, օրերս գործադուլ էին հայտարարել՝ ինչ-որ կերպ լսելի դարձնելու իրենց ձայնը: Բա դա Ծառուկյանին պե՞տք է…
Ընդհանուր ճակատով հանդես գալուց խուսափելն ու կարևորագույն պահին Փաշինյանի ձեռքն օդում թողնելը կարո՞ղ է Ծառուկյանին վերապահված առաքելության իրականացման սկիզբը դառնալ, թե՞ ոչ՝ ահա այս պահի,թերևս, ամենագլխավոր հարցը…