Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

21 մայիս 2018 11:58

Պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին.7 տարվա փոխարեն դա տեղի ունեցավ 7 օրում.

Պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին.7 տարվա փոխարեն դա տեղի ունեցավ 7 օրում.Հայաստանը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, հետևաբար չպետք է բաց թողնել ստեղծված հնարավորությունը՝ հայության ներուժը Հայաստանին ծառայեցնելու համար: Այսպիսի տեսակետ է արտահայտել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ ունենալով Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը:
Անդրադառնալով Հայաստանի՝ վերջին ներքաղաքական զարգացումներին՝ նախագահը բացառիկ և հրաշալի է որակել խաղաղ ցույցերով, սեփական տեսակետներն ու համոզմունքները արտահայտելու միջոցով քաղաքական համակարգ փոխելու հնարավորությունը Հայաստանում:

«Կարծում եմ որպես հայեր պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին։ Իհարկե, սա ստեղծում է մեծ ակնկալիքներ ամբողջ աշխարհում, ոչ միայն երիտասարդ հայերի շրջանում: Բայց առաջին հերթին երիտասարդ հայերին ստիպում է հավատալ, որ իրենք են տերն այս երկրի, ապագայի, արժեքների ու ժառանգության: Երկրորդն էլ շատ կարևոր է քաղաքացի լինելու, ապագայի համար պատասխանատու լինելու զգացումը»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Նա ասել է, երբ իրեն առաջարկեցին դառնալ նախագահ, ինքը մտածում էր ունի 7 տարի տարբեր քննարկումների, մարդկանց քաջալերելու միջոցով հասնելու նրան, որ մարդիկ իրենց քաղաքացի զգան՝ ազատորեն կարծիք արտահայտելու, սեփական հավատալիքների համար պայքարելու մղումով, որպեսզի ընտրության գնալիս էլ լինեն ազնիվ ու պատասխանատու: Սակայն, ըստ նախագահի, 7 տարվա փոխարեն դա տեղի ունեցավ 7 օրում:
Այս իմաստով Արմեն Սարգսյանը մեծապես կարևորել է հայկական ներուժի օգտագործումն ու պահը բաց չթողնելը: «Հայաստանից դուրս ապրող հայերից շատերը շատ լավ քաղաքացիներ են այն երկրներում, որտեղ ապրում են, նրանցից որոշները միջազգային հանրության կողմից հարգված ու ճանաչած գիտնականներ, գործարարներ, քաղաքական գործիչներ են և այլն: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, իրենք այս պետությանն են պատկանում: Այս առիթը օգտագործելով՝ վերակառուցենք մեր երկիրը հանուն ապագա սերունդների»,-նշել է Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ հայ ազգը բավականաչափ հասուն և իմաստուն է, որ օգտվի այս պատմական հնարավորությունից և որ ինքը լավատես է: «Դուռը պետք է բաց պահենք, որ իսկապես բոլոր հայերը, ովքեր կարծում են, որ հայրենիքին տալու բան ունեն, հնարավորություն ունենան իրենց գիտելիքը, ժամանակը, էներգիան ներդնել այս երկրում: Եթե մենք դա բաց թողնենք, ես շատ կտխրեմ»,-եզրափակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր