Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

23 մայիս 2018 17:20

Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել

Կոտայքի ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվելՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Այսպես, 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հենակետի հարակից տարածքում իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որի ընթացքում փակել են նաև հիշյալ ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ:
Լրագրող Տիրայր Մուրադյանը, զանգվածային լրատվության միջոցների մյուս ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների և ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը:
Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետև իր աշխատակիցներին հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից: Հանդիպելով Տ. Մուրադյանի արդարացի և իրավաչափ ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, ինչպես նաև այն, որ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների ծառայությանը խոչընդոտող վարքագիծ չի դրսևորել, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար ոստիկանության գնդապետ Ա. Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր