Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

09 հուն 2018 21:30

«Նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ». Նիկոլ Փաշինյան

«Նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ». Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս հոդվածը գրել եմ, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր էի 2010 թվականի ապրիլին։
Այսօր անսպասելի հանդիպում ունեցա Շիրին Էբադիի հետ և նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ»:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի հեռուստացույցը վերջին օրերին լրջագույն մրցակից է ձեռք բերել: Օրվա ընթացքում մենք ավելի շատ նրան ենք նայում, քան հեռուստացույցի էկրանին: Կարմրադեղին վարդակակաչների փունջն է դա, որ անհավանական երանգ է տվել բանտային մեր խցին:
Երբ այդ ծաղկեփունջը հայտնվեց խցում, խցակիցներով սկսեցինք քննարկել, թե վերջին անգամ երբ ենք կենդանի ծաղիկ տեսել. պարզվեց բավական վաղուց, պարզվեց նաեւ, որ հենց այդ ծաղիկներն էին մեր խցին պակասում` «կատարյալ երջանկության համար»: Ու հիմա ջանում ենք հնարավորինս երկարացնել այդ երջանկությունը. շաքարավազը չենք խնայում, ու առավոտյան սուրճից առաջ նախ նրանց ենք հյուրասիրում:
Այդ ծաղկեփունջը նախօրեին Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, Իրանի քաղաքացի Շիրին Էբադիից եմ ստացել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների սենյակում: Իրավապաշտպանը ծաղիկներ էր տարել բոլոր այն քաղբանտարկյալներին, ում այցելել էր այդ օրը: Եւ պետք էր տեսնել այդ տեսարանը. կալանավորը (տվյալ դեպքում ես) վարդակակաչի փունջը ձեռքին վերակացուի ուղեկցությամբ քայլում է քրեակատարողական հիմնարկի միջանցքներով` բազմաթիվ այլ կալանավորների մտահոգված հայացքների ներքո:
Նրանց հայացքներից ակնհայտ էր դառնում, որ առաջին անգամ են նման պատկերի ականատես լինում: Նույնիսկ երբ ճանաչում էին ինձ, տարակուսանքը նրանց հայացքում չէր վերանում, չնայած` հասկանում էին, որ, ուրեմն, ինչ-որ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել:
Իսկ իրադարձությունը իսկապես կարեւոր էր. պատմության մեջ առաջին անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր էր այցելել քրեակատարողական հիմնարկ: Սկզբում, երբ միջանցքում-հեռվից Շիրին Էբադիի ձեռքին ծաղիկներ տեսա` մեջս հպարտություն խաղաց երկրիս, հայրենիքիս համար: Ինձ թվաց, թե քրեակատարողական հիմնարկը ծաղիկներով է դիմավորել Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ իրավապաշտպան Շիրին Էբադիին: Բայց ինձ հիասթափություն էր սպասում. Մայրության եւ գեղեցկության օրը կին իրավապաշտպանը ինքն էր ծաղիկներ բերել մի կալանավորի համար, որին քաղբանտարկյալ ու համախոհ է համարում:
Մեր հանդիպման սկզբում Շիրին Էբադին ասաց, թե ցավում է, որ ինձ հետ բանտում է հանդիպում: Ես էլ ասացի, որ հանուն նման ծաղկեփունջ ստանալու արժեր բանտում հայտնվել:
Չեմ կարող կանխատեսել, թե կարմրադեղին վարդակակաչները որքան կդիմանան բանտային ռեժիմին: Բայց ուզում եմ հավատալ, որ սա Նոբելյան մրցանակի դափնեկրի վերջին այցն է հայաստանյան բանտեր: Հավատում եմ, որ Հայաստան անունը դառնալու է Ազատության, Մարդու իրավունքների պաշտպանվածության, Օրինականության, Ժողովրդավարության հոմանիշ: Հավատում եմ, որ իմ ընկերների եւ իմ բանտում գտնվելն այսօր` Ազատ եւ Երջանիկ Հայաստանին մեր հավատարմությունն է խորհրդանշում: Հավատում եմ, որ մեր երեխաները ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: 
  Նիկոլ Փաշինյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր