Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

14 հուն 2018 13:08

ԱԱԾ-ն մտավ «Երեւան» հիմնադրամ՝ մինչ այն կհասցնեին լուծարել. ուր են միլիարդավոր դրամները

ԱԱԾ-ն մտավ «Երեւան» հիմնադրամ՝ մինչ այն կհասցնեին լուծարել. ուր են միլիարդավոր դրամները«Երեւան» հիմնադրամը չհասցրեց լուծարվել. Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մինչ այդ այնտեղ խուզարկություն սկսեց ու քննություն է անցկացնում:
Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Այդ գործողությունները տեւեցին մի քանի ժամ: Ի վերջո, ԱԱԾ դիմակավորված ներկայացուցիչները Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սեւ տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:
Մինչ այդ, ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:
Դեռ այս տարվա մարտին Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը (ներկայում կրթության եւ գիտության նախարար) եւ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կասկած էին հայտնել, որ հիմնադրամը գործում է կոռուպցիոն սխեմաներով: Հայտարարել էին նաեւ, որ դիմել են դատարան:
«Ժամանակին թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ առանձնազրույցներում մտահոգություն կար, որ «Երեւան» հիմնադրամը դարձել է մի սխեմա, երբ Երեւանի քաղաքապետարանը որեւէ ծառայություն մատուցելիս կամ հիմնական ծառայությունների դեպքում, տուրքերին զուգընթաց, քաղաքացուն հորդորում է, կամ, չգիտեմ, պահանջում է, պարտադրում է, որ վճարումներ կատարեն նաեւ «Երեւան» հիմնադրամում: Ենթադրենք տուրքը 25 հազար դրամ է, օրինակ, եւս 25 հազար դրամ վճարվում է «Երեւան» հիմնադրամին։ Սա պարզելու համար ես անցած տարի գործընթաց սկսեցի՝ դիմելով «Երեւան» հիմնադրամին՝ փորձելու պարզել այն նվիրատուների անունները, որոնք 100 հազար դրամ եւ ավելի են վճարել հիմնադրամին: Ու փաստացի ես տվյալները չստացա՝ տվյալների գաղտնիությանը հղում արեցին», - իր հարցազրույցներից մեկում ասել էր Արայիկ Հարությունյանը։
Օրեր առաջ էլ ֆեյսբուքյան գրառման միջոցով նա տեղեկացրեց, որ ինչպես իրեն հայտնի է դարձել, հիմնադրամը լուծարելու գործընթաց է սկսվելու: «Բայց դե հիմնադրամ փակելով՝ հետքերը դժվար է մաքրել»,- նկատել էր Երեւանի ավագանու նախկին անդամը: «Երեւան» հիմնադրամի գործով առաջին դատական նիստը նախատեսված է ընթացիկ հունիսի վերջին:
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդված 1-ին մասի 5-րդ կետով նախատեսվում է, որ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը լուծարվել է: Ու թերեւս, դատարանում այսպիսի հանգուցալուծման ակնկալիքով է հիմնադրամի ղեկավարությունը նպատակ ունեցել գնալ լուծարման ճանապարհով: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ գործի անցավ Ազգային անվտանգության ծառայությունը:
Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հիմնադրամը յուրաքանչյուր տարի պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին եւ որ հաշվետվությունը, մասնավորապես, պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին:
«Երեւան» հիմնադրամի ֆինանսական մուտքերի բավական մեծ մասը եղել է մայրաքաղաքի համայնքային բյուջեից: Հիմնադրամի 2017թ. գործունեության մասին հաշվետվությունից տեղեկանում ենք, որ տվյալ տարում այդ աղբյուրից նախատեսված գումարի չափը կազմել է 550 միլիոն դրամից ավելի: Եւս 20 միլիոն դրամ հատկացվել է Հայաստանի պետական բյուջեից: Իսկ ահա «անհատներից, կազմակերպություններից եւ այլ մուտքեր» տողում կարդում ենք, որ ստացվել է ավելի քան 1 միլիարդ 370 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, խոսքը շուրջ 2 միլիարդ դրամի մասին է: Ծախսված գումարի հանրագումարը կազմում է մոտավորապես 1 միլիարդ 269 միլիոն դրամ:
Իսկ հաշվետվության մեջ արտացոլված ծրագրերն ու նպատակները շատ ընդհանուր են՝ Երեւան քաղաքի բարեկարգում, կանաչապատում, տոնական, մշակութային, սոցիալական, կրթական միջոցառումների կազմակերպում եւ այլն: Հստակ է միայն ՀՀ պետական բյուջեից ստացված 20 միլիոն դրամի նպատակը, այն է Նորաշեն 16-րդ թաղամաս 5 բարձրահարկ բազմաբնակարան շենքերի գազաֆիկացում: Իրականացված ծրագրերի շարքում, սակայն այդ մասին հիշատակում չհանդիպեցինք:
Հ.Գ. «Երեւան» հիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր