Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 հուն 2018 20:03

Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը Մանվել Գրիգորյանին ազգի դավաճան է համարում

Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը Մանվել Գրիգորյանին ազգի դավաճան է համարումԱպրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունի հետեւանքով ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի քայլն ազգի դավաճանություն է համարում. «Խոսքեր չեմ գտնում, մի բառ կարող եմ կարճ ասել, դա ազգի դավաճանություն է»:
ՀԺ-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանն ասաց, որ բնականաբար զարմացած է, չէր սպասում, որ հայ իրականության մեջ նման մարդ կարող է գտնվել, որն այդ օրերին զինվորից հաց է խլել: «Զարմացա, բայց վստահ եմ՝ ինքն իր արժանի պատիժը կկրի»,- ասաց Ապրիլյանի հերոսը: Դավիթը ծառայել է Թալիշի զորամասերից մեկում, վստահեցնում է, որ դիրքերում եղած ժամանակ իրենց հասանելիք խտացրած կաթը ստացել են. «Որ օրը սննդակարգով մեզ ինչ հասնում էր՝ տալիս էին»:
Ապրիլյան պատերազմի հերոսն ասաց, որ մեր նախորդ զրույցից հետո իր կյանքում շատ բան չի փոխվել, ապրում է իր առօրյայով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր սույն թվականի փետրվարի 24-ին: Սակայն դժվարացավ ասել, թե երբ կամուսնանա: «Դեռ պետք է աշխատանք ճարեմ, ամուսնանալը կմնա երեւի մյուս տարի, հստակ չգիտեմ: Բայց այս պահին ոչ մի աշխատանք էլ չեմ կարող կատարել, որովհետեւ պետք է վիրահատվեմ, դրանից հետո նոր կկարողանամ»,- ասաց Դավիթը:
Դավիթ Գրիգորյանին մոտ ժամանակներս վիրահատելու են Երեւան քաղաքի Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ինքնազգացողությունից չի բողոքում, ասաց, որ լավ է. «Միայն ոտքերս են ցավում երբեմն, բայց դա էլ ոչ միշտ: Ամեն ամիս բուժզննում եմ անցնում: Գնում եմ, բժիշկս նայում է, հետ եմ գալիս»: Դավիթը ոչ մի դեղորայք չի օգտագործում, բուժզննումներն ու վիրահատությունն անվճար են, իսկ պետության կողմից ստանում է 55 հազար դրամ զինհաշմանդամի թոշակ:
Ապրիլյան պատերազմի հերոսը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, որին ի վիճակի կլինի, սակայն որեւէ աշխատանք դեռ չի գտնում: Այս պահին հայրիկի՝ իր համար գնած ավտոմեքենան է սարքում: Դավիթն ապրում է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում: Նստակյաց կյանք չի սիրում, եւ չնայած երկու ոտքերն էլ կորցրել է ու պրոթեզների օգնությամբ է շարժվում, միեւնույն է՝ գերադասում է ակտիվությունը: «Համակարգչային որեւէ աշխատանք էլ չէի ուզենա կատարել, համակարգչի առջեւ երկար մնալուց նյարդայնանում եմ»,- ասաց նա: 
Դավիթը «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում իրավագիտություն է սովորում, դեռ հեռակա երկրորդ կուրսում է, իսկ նշանածը՝ Սոնան, դպրոցն ավարտելուց հետո կրթությունը չի շարունակել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր