Սաշիկ Սարգսյանի պատմության մանրամասները. ուր է զենքը
![Սաշիկ Սարգսյանի պատմության մանրամասները. ուր է զենքը Սաշիկ Սարգսյանի պատմության մանրամասները. ուր է զենքը](https://hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1530083322_maxresdefault.jpg)
Մանրամասներ սակայն, թե ինչու էին նրան բերման ենթարկել, հայտնաբերվե՞լ է որեւէ ապօրինի զենք զինամթերք, կամ ասե՞լ է դրա վերաբերյալ որեւէ բան Սաշիկ Սարգսյանը, կարծես թե չեն հրապարակվել:
Օրինակ, նախկին պատգամավոր Շմայսը իր կամքով հանձնել էր զենք-զինամթերքը, որ փնտրել էր ԱԱԾ-ն, ու նրան բերման ենթարկելուց հետո ազատ էին արձակել:
Սաշիկ Սարգսյանի դեպքում ոչինչ հայտնի չէ եւ մանրամասներ հրապարակված չեն, որպեսզի հանրությունը տեղեկանա՝ նրան իզու՞ր էին բերման ենթարկել, թե՞ այդուհանդերձ հայտնաբերվել է ինչ որ բան:
Պետք չէ բացառել իհարկե, որ հարցը փակված չէ, և մանրամասներ չկան պարզապես օպերատիվ նկատառումներից ելնելով:
Հայաստանում իրավապահների բուռն գործունեությունը, որ ծավալվում է վերջին օրերին, ունի անշուշտ մի քանի շերտ: Դրանցից մեկը հենց զենք-զինամթերքի շերտն է: Այն, որ Հայաստանում դրանից շատ կա՝ օրենքից դուրս կարգավիճակում, կասկած չի հարուցում թերեւս որեւէ մեկի մոտ:
Իսկ դա նշանակում է պետական անվտանգության սպառնալիք, մի շարք դրսեւորումներով: Բանն այն է, որ նախորդ համակարգում ապօրինի զենք զինամթերքը ուներ թերեւս այլ «հաշվառում», ինչպես եւ ամեն ինչ: Այսինքն, զինամթերքի եւ զենքի հետ «թղթով ամեն ինչ կարգին չէր», բայց ամեն ինչ կարգին էր ներհամակարգային հաշվառման հետ:
Այստեղ իհարկե կարեւոր է, թե արդյոք իրավապահները տիրապետում էին այդ «հաշվառմանը», թե՞ մանրամասն հաշվառում չկար, կային «հաշվառված» խմբերն ու ենթախմբերը, որոնք ունեին «զինանոցի» իրավունք՝ օլիգարխներ, քրեական հեղինակություններ, պաշտոնյաներ և նրանց մերձավորներ,
իսկ անմիջապես զինանոցի կազմն արդեն «կարգավորվում» էր «շուկայական մեխանիզմներով», այսինքն այդ խմբերի փոխադարձ վերահսկողությամբ եւ պայմանավորվածություններով: Իսկ դրանք անշուշտ կատարվում էին սրբորեն, քանի որ վեր էին ամեն ինչից, նույնիսկ օրենքից:
Ըստ այդմ, իրավապահները ներկայում փնտրում են զենքը գիտենալո՞վ, թե ում մոտ ինչ կա եւ ինչքան, այսինքն որտեղից ինչքան պետք է դուրս գա, որ թեման համարվի փակված, թե՞ փնտրում են ինչ որ իմաստով կուրորեն, առավելապես օպերատիվ աշխատանքի արդյունքում, քանի որ չգիտեն, թե ով ինչքան է ունեցել կամ ունի ապօրինի ռազմամթերք:
Իհարկե դժվար է ասել՝ հնարավո՞ր է հասնել վիճակի, երբ վստահաբար կբացառվի ապօրինի զենք զինամթերքի առկայությունը որեւէ մեկի կամ խմբի մոտ, սակայն աներկբա է, որ քանի դեռ կա զենք, որի տեղն իրավապահները չգիտեն, այն մի օր կարող է կրակել, ասենք ինչպես Ադրբեջանը սահմանին. մենք սպասում ենք, որ ամեն օր ինչ որ բան կարող են անել:
Նույն կերպ, եթե Հայաստանի ներսում կա ապօրինի ռազմամթերք որեւէ մեկի ձեռքին, ապա ամեն օր հնարավոր է սպասել կրակոց, որեւէ ուղղությամբ, որը կարող է ապակայունացնել իրավիճակը:
Մյուս կողմից, ակնառու է, որ իրավապահները լրջորեն զբաղվում են այդ խնդրով եւ անունները, որ շրջանառվում են, վկայում են այդ մասին: Թաքցված զենքը պետության համար պակաս վտանգավոր չէ, քան թաքցված հարկը: Ավելին, եթե լուծված չլինի թաքցված զենքի հարցը, թաքցված հարկի խնդրի լուծումը ամուր չի լինի: