18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

29 հուն 2018 16:20

Ես պատերազմի վտանգ եմ տեսնում, գտնում եմ, որ երկրապահը կարևոր է այսօր. Արամ Սարգսյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը ԵԿՄ նախագահ դառնալու հայտ չի ներկայացրել և պատմեց, թե ինչպես են իրեն առաջարկել դառնալ Երկրապահ կամավորական միության նախագահ:
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսել է ամեն ինչում մեղադրել ԵԿՄ-ին` թացը չորի հետ խառնելով:
«Կային կարծիքներ, որ այդ կառույցի ստեղծումը ի սկզբանե սխալ է եղել, այդ կառույցը համարում էին այս երկրի դժբախտությունների պատճառ: Այսպիսի գաղափարներ էին տարածվել համացանցում, և ես իմ պարտքը համարեցի իմ հնարավորությունների սահմաններում, նաև ձեր միջոցով տեսակետ ասել Երկրապահի մասին, դրա ձևավորման, անցած ուղու և այսօրվա կարևորության մասին: Այդ ժամանակ որևէ մեկը չէր փորձում պաշտպանել Երկրապահ կամավորական միությանը, անգամ միության ներսում եղած բազմաթիվ անհատներ կամ սեփական ամբիցիաներ էին ցուցաբերում կամ խոսում էին կառույցի անվանափոխության մասին կամ էլ իրենց էին առաջարկում միության նախագահի պաշտոնում:
Ես ինքս հայտ չեմ ներկայացրել երկրապահի նախագահ լինելու: Հավանաբար, շատ երկրապահներ համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է, և` որպես երախտագիտություն, սկսեցին զանգել կամ գրել ինձ, որ կիսում են իմ տեսակետը ու լավ կլինի, որ ես լինեմ Երկրապահ կամավորական միության նախագահ»,- ասաց Արամ Սարգսյանը:
Նա հավելեց, որ իրեն դիմել են նաև ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություններ և կոչեր անելու հարցով, սակայն ինքը խնդրել է, որ նման բաներ չանեն, որովհետև վերջնական որոշում կայացնողը Երկրապահ կամավորական միության համագումարն է:
«Ես ասել եմ, որ ես նման հայտ չեմ ներկայացրել, ավելին` ես քաղաքական մարդ եմ, ես այդ հարցին ինքս դեռ պատասխան չունեմ, իսկ այդ հարցի պատասխանը պիտի տա երկրապահը: Ես գտնում եմ, որ երկրապահը կարևոր է այսօր: Ես պատերազմի վտանգ եմ տեսնում և համարում եմ, որ պատերազմի դեպքում նույնիսկ 70 տարեկան զենք բռնող անձը մեզ համար կարևոր է:
Ես կարծում եմ, որ Երկրապահ կամավորական միությունը մեր երրորդ հանրապետության ամենալուրջ արժեքներից է, որը, պաշտպանելով Հայաստանը, նաև իր հենքի վրա բանակ ստեղծեց: Մենք այդ արժեքները մի կողմ ենք դնում, սկսում ենք փնովել ամեն ինչ, ոչնչացնում ենք այն արժեքները, ինչը մինչև հիմա եղել է, իսկ ի՞նչ ենք փոխարենն առաջարկում: Կամ պիտի մտածենք, թե այս ամենը ո՞ւմ է ձեռք տալիս:
Չէ՞ որ ցանկացած պետություն քանդելու առաջին քայլը լինում է այդ պետության հերոսներին վարկաբեկելուց, որ խրամատում նստած զինվորը մտածի, որ երկրապահը երկրապահ չէ, գեներալը գեներալ չէ, կաթողիկոսը կաթողիկոս չէ, բա այդ դեպքում ինքը ի՞նչ է պաշտպանում, ո՞ւմ է պաշտպանում: Սա գերկարևոր թեմա է, որն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում նույնիսկ մեր տնտեսական վիճակից էլ կարևոր է: Դրա համար ես փորձել եմ տեսակետ հայտնել, պետք է ասեմ, որ շատերը չկիսեցին իմ տեսակետը, բայց ես երբեք հակված չեմ եղել լինել քաղաքական գործիչ, ում մոտեցումները բոլորը կիսել են»,- ասաց Սարգսյանը:
Հարցին` համաձա՞յն կլինի ընդունել ԵԿՄ նախագահ դառնալու առաջարկը, եթե առաջիկա համագումարում հենց իրեն ընտրեն միության նախագահ, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ԵԿՄ համագումարը շատ խնդիրներ պետք է լուծի, իսկ ինքը հակված է օգնել այդ հարցում: «Ես հակված եմ, որ ինձ ամենաբուռն քննադատող երկրապահները և իմ կողմնակից երկրապահները հավաքվեն մի ընտանիքում, հավաքվեն այնպես, ինչպես Վազգեն Սարգսյանի (ՀՀ ՊՆ՝ 1991-1992, 1995-1999թթ., վարչապետ՝ 1999 հունիսի 11-հոկտեմբերի 27, ԵԿՄ հիմնադիր ) ժամանակ էր և իրենց մեջից ընտրեն երկրապահի նախագահ: Ես միանշանակ դրա կողմնակիցն եմ, սակայն այստեղ կան բազմաթիվ «բայցեր»:
Ես կարծում եմ, որ ժամանակն է վերանայել Երկրապահ կամավորական միության կանոնադրությունը, որովհետև բազմաթիվ փոփոխությունների խնդիր կա: Երկրորդ` կա կառույցը նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու խնդիրը: Չի բացառվում նաև, որ միության վարչությունն անցնի կոլեգիալ կառավարման, չի բացառվում: Բազմաթիվ «բայցեր» կան, որոնց կոնկրետությունը դեռ չկա, իսկ եթե կոնկրետություն դեռ չկա, ես չեմ կարող վերջնական բան ասել: Բայց վստահեցնում եմ, որ ես իսկապես Երկրապահ կամավորական միության նախագահ դառնալու հայտ չեմ ներկայացրել»,-նշեց Սարգսյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր