«Հրապարակ». Մեղադրանք մի հոդվածով, որը 2008 թվականին գոյություն չի ունեցել

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ Սահմանադրական կարգը տապալելը․ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով:
Իհարկե, լավ է, անգամ հրաշալի է, որ մեր իրավապահ մարմինները, այս դեպքում՝ Հատուկ քննչական ծառայությունը, որոշել է վերջապես զբաղվել Մարտի 1-ի գործով, բացահայտել այն, դրանում ներգրավել անգամ այն ժամանակ պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց, օրինակ՝ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանին։ Բայց ինչո՞ւ են դա անում օրենքի խախտմամբ, իրավաբանության տարրական կանոնների դեմ, Քրեական օրենսգրքի հոդվածներին եւ Սահմանադրությանը պատշաճ չտիրապետելով։
Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի հատկանիշներով էլ ՀՔԾ-ն որոշել է նախկին նախարարին ներգրավել որպես մեղադրյալ, 2008 թվականին գոյություն չի ունեցել։ Քրեական օրենսգրքի այս հոդվածը լրացվել է 2009 թվականի մարտի 18-ին եւ ուժի մեջ է մտել մարտի 24-ին։ Այսինքն՝ 2008 թվականին նման արարքը՝ սահմանադրական կարգը տապալելը, քրեական պատասխանատվություն չի ենթադրել եւ քրեականացված հոդված չի եղել։
Հիմա հարց է առաջանում՝ ՀՔԾ-ում չկա՞ր մի գրագետ իրավաբան, որը գլխի ընկներ կամ իմանար այս հոդվածների մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում