Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

05 հուլ 2018 11:25

Սերժ Սարգսյանը շրջապատվել Է.որն է իրավապահների գերակտիվության պատճառը

Սերժ Սարգսյանը շրջապատվել Է.որն է իրավապահների գերակտիվության պատճառըՀուլիսի 4-ին իրավապահների աղմկոտ բացահայտումների շարքը, որ սկսվել է թավշյա հեղափոխությունից հետո, նոր թափ է ստացել: Երկրորդ անգամ բերման է ենթարկվում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը: Այս անգամ, սակայն, նրան բերման է ենթարկել ոչ թե ոստիկանությունը, այլ ԱԱԾ-ն, ընդ որում՝ նրա տանը խուզարկություն իրականացնելուց հետո: Նրա հետ միասին բերման է ենթարկվել նաև որդիներից մեկը՝ Հայկ Սարգսյանը: Միևնույն ժամանակ, գլխավոր դատախազությունը վերաբացել է 2007 թվականի մի գործ՝ կապված Սաշիկ Սարգսյանի մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի հետ, երբ նա կրակել է մի քաղաքացու վրա: Ինչպես հայտնի է, ապօրինի հարստացման մեղադրանք է ներկայացված Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքին:
ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին հրաժարվելով գնահատել իրավապահների գործունեության, այսպես ասած, հիմնավորվածությունը, այնուհանդերձ ասել է, որ միտում է նկատում: Նա ավելին չի ասել: Արդյո՞ք ՀՀԿ-ն այդ առիթով հանդես կգա որևէ հայտարարությամբ կամ դիրքորոշմամբ, պարզ չէ, թեև կա գեներալ Մանվելի օրինակը, երբ ՀՀԿ դիրքորոշումից հետո սեղանին դրվեցին այնպիսի ապացույցներ, որ կուսակցությունն ինքը, այսպես ասած, հանձնեց Մանվել Գրիգորյանին:
Այդ տեսանկյունից Հանրապետականը թերևս պետք է որ զգուշավորություն ձեռք բերած լինի նման իրադարձությունների մասին գնահատականներ հնչեցնելու առումով: Մյուս կողմից, սակայն, մի բան է գեներալ Մանվելը, մեկ այլ բան Սերժ Սարգսյանի երկու եղբայրները: Սրան զուգահեռ՝ Քննչական կոմիտեն էլ մեղադրանք է ներկայացրել «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխներից մեկին, «Ֆլեշ Մոթորս» ընկերության տնօրենի հանդեպ հաշվեհարդարի համար: Եթե սրան ավելացնենք նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի հայտնի ապօրինի հարստացման մեղադրանքը, ապա ակնհայտ է դառնում, որ իրավապահները ուղղակի շրջապատել են Սերժ Սարգսյանին:
Ինչն է այդ ամենի նպատակը, պարզ չէ: Սակայն այդ հանգամանքը ուշագրավ է զուգահեռ Մարտի 1-ի գործում Ռոբերտ Քոչարյանին ներգրավելու ֆոնին: Այսպիսով, տպավորություն է, որ իրավապահները, այսպես ասած, հավասարակշռություն են ապահովում Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև: Քոչարյանի գրասենյակի ղեկավարը երեկ հայտարարել է, որ Քոչարյանը որևէ խնդիր չի տեսնում որպես վկա հարցաքննության գնալու մեջ: Քոչարյանն այդպիսով, ըստ երևույթին, ակնարկում է, որ կարող է և իր հետ միասին քաշել ամբողջ նավը:
Ահա այս ֆոնին Սերժ Սարգսյանի «շրջափակումը», մերձավոր, նեղ շրջափակումը կարծես թե ստանում է պատասխան ակնարկի երանգ, որ Սարգսյանն, այսպես, թե այնպես, այլևս կորցնելու բան չունի, և ըստ այդմ՝ հնարավոր չէ նրան շանտաժել Մարտի 1-ի գործով: Ակնառու է, որ իրավական գործընթացներին զուգահեռ, որ բխում են նոր Հայաստանի ձևավորման տրամաբանությունից և դրանով պայմանավորված անհրաժեշտություններից, ընթանում է նաև բավականին բարդ հոգեբանական-քաղաքական գործընթաց առաջին հերթին նախկին իշխանության ներսում:
Երեկ հայտնի է դարձել, օրինակ, որ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն իրավապահներին է դիմել մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հարցով՝ ասելով, որ նա իր հանդեպ կոմպրոմատ ունի և շահարկելով փող է պահանջում դրա դիմաց: Սարգսյանը անուն չի տվել, սակայն ինքնին փաստը խիստ հետաքրքրական է: Այս առումով, իրավապահները, կամա, թե ակամա, իրենց աշխատանքին զուգահեռ, ըստ էության, նաև կառավարում են նախկին համակարգի ներսում թափ առած այդ գործընթացը՝ չի բացառվում ունենալով կասկածներ, որ այդ ներքին, այսպես ասած, տարամետ և թեժ զարգացումները իրականում  «կառավարելի քաոսի» տրամաբանությամբ ունեն նոր իշխանությանն, այսպես ասած, «հիպնոսացնելու» կամ «արխայինացնելու» նպատակ, որին կարող է հաջորդել ինչ-որ անսպասելի հարված:
Իրավապահները, ըստ էության, այսպես ասած՝ կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ, ըստ ամենայնի նաև պայքարում են հարվածի այդ հավանականությունը զրոյացնելու, վերջնականապես չեզոքացնելու համար, ինչն էլ թերևս պատճառ է հանդիսանում նրանց գերակտիվության:

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր