«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

19 հուլ 2018 15:10

Սպասվում է ԱԱԾ-ի «շնորhքով ներխուժումը» ֆուտբոլի ֆեդերացիա

Սպասվում է ԱԱԾ-ի «շնորhքով ներխուժումը» ֆուտբոլի ֆեդերացիաՖուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 17-ին հանդիպելով մի քանի լրատվամիջոցի ներկայացուցչի, խոսել է հայկական ֆուտբոլում զարգացումների, ֆուտբոլում իր ճակատագրի վերաբերյալ: Հայրապետյանը անսպասելի հայտարարություն է արել, որ եթե ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը առաջադրվի որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, ապա ինքը նախագահի առաջիկա ընտրությանը չի առաջադրվի եւ իրեն ձայն տալ պատրաստվողներին կասի, որ քվեարկեն Վանեցյանի օգտին:
Նա ասել է, թե այդ դեպքում միայն կթողնի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, քանի որ Վանեցյանը լավագույն թեկնածուն է, կապված է իշխանությանը, իսկ հայկական ֆուտբոլին պետք է հենց այդպիսի ղեկավար, քանի որ առանց իշխանության հետ կապի շատ հարցեր մնում են չլուծված: Հայրապետյանը նաեւ հայտարարել է, որ ինքը միշտ պայքարել է պայմանավորված խաղերի դեմ եւ այդ տեսանկյունից էլ ճիշտ է Վանեցյանի ֆեդերացիայի նախագահ դառնալը:

Այդպիսով, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը փաստացի հայտարարում է կամ ազդարարում ԱԱԾ «շնորhքով ներխուժումը» ֆեդերացիա, ինչպես կասեր Շմայսը: Եթե Հայրապետյանը անում է այդպիսի հայտարարություն, ապա թերեւս պետք է ենթադրել, որ հարցը վճռված է: Դա պարզ էր նաեւ Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունից, որ հայկական ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են:
Ընդ որում, դրան հաջորդել էին հայկական երկու ակումբների սեփականատերերի հայտարարությունները Ռուբեն Հայրապետյանի դեմ, թեեւ Հայրապետյանն ի պատասխան հայտարարել է, որ դրանք բացարձակ անհիմն են եւ մտացածին: Հայրապետյանը ասել է, թե չի հեռանալու ֆուտբոլից եւ նոր թիմ է ստեղծելու, այսպես ասած նորացված Փյունիկ: Ինչպես հայտնի է նախկին Փյունիկը նա նվիրել է ռուսաստանցի հայ գործարար Արթուր Սողոմոնյանին, որը վերանվանում է ակումբը:
Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է նաեւ, թե ինքը միայն Վանեցյանին կփոխանցի այն, ինչ ստեղծել է, քանի որ այլ մեկը չի պահպանի ստեղծածը: Դժվար է ասել, Հայրապետյանն այդպիսով փորձում է պայմանավորվել, որ ֆեդերացիան կամավոր կհանձնի ԱԱԾ պետի՞ն, պայմանով որ ԱԱԾ-ն այնտեղ չի կատարի ուսումնասիրություններ, թե՞ այդ առումով անհանգստանալու բան չունի եւ պարզապես Վանեցյանին իրապես համարում է հեռանալու լավագույն պահն ու տարբերակը:
Այդպիսով, ըստ ամենայնի մոտ ապագայում հայկական ֆուտբոլում տեղի կունենա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխություն, եւ ըստ ամենայնի նոր նախագահը կլինի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
Սա իհարկե արտառոց իրավիճակ է, սակայն կարծես թե միեւնույն ժամանակ լիովին բխում է հայաստանյան հեղափոխական թավշյա տրամաբանությունից: Բանն այն է, որ հայկական ֆուտբոլը մշտապես եղել, իսկ այժմ առավել եւս դարձել է Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգի յուրօրինակ մանրակերտ: Խոշոր կապիտալիստները ֆուտբոլ «մտել ու դուրս են եկել» այսպես ասած ըստ ներիշխանական իրավիճակի:

Ներկայում հայկական ֆուտբոլում ձեւավորվել է սեփականատերերի խիստ ուշագրավ մի դաս՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյան, ռուսաստանցի հայ մեծահարուստ Արթուր Սողոմոնյան, Բանանցի սեփականատերերը դարձյալ Ռուսաստանից հայեր են՝ Չալոյանցը՝ Լուկօյլի բաժնետեր, եւ Օլեգ Մկրտչյանը, որը ներկայում ձերբակալված է Ռուսաստանում ինչ որ գործով: Հայկական ֆուտբոլ է մտել Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, ֆուտբոլում իր թիմն ունի Հայաստանի ամենահարուստ ձեռնարկություններից մեկը՝ Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատը, թիմ ունեն շվեյցարահայ հարուստներ, որոնք ի դեպ նաեւ ներկայում մասնակից են Կառուցիր Հայաստան ներդրումային նախաձեռնությանը, որի նպատակը հայրենադարձություն խթանելն է: Ֆուտբոլում սեփականատեր է գործարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սահակյանը
Մի խոսքով, հայկական ֆուտբոլը ներկայում բավական հետաքրքիր մի ներկապնակ է, հատկապես եթե միայն ակումբի սեականատիրոջ կարգավիճակով այնտեղ հայտնվի նաեւ Ռուբեն Հայրապետյանը:
Եվ խիստ խորհրդանշական է, որ այդ ամենի գլխին կանգնի ոչ այլ ոք, քան ԱԱԾ-ն:
ԱԱԾ-ն ներկայում փաստացի ամեն ինչի գլխին է, ինչը մի կողմից լիովին օբյեկտիվ եւ համարժեք է Հայաստանում նախկին համակարգի բնույթի եւ թավշյա հեղափոխության արդյունքում դրա անկման, նոր իրողությունների պայմաններում, մյուս կողմից իհարկե առաջացնում է հարցեր, թե որքան ժամանակ է «լոկոմոտիվը» լինելու ԱԱԾ-ն:
Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը ներկայում գտնվում է թե քաղաքական դե ֆակտո, թե կադրային, թե տնտեսական-կապիտալային հենարանի բացակայության պայմաններում, եւ թավշյա հեղափոխությունն այդ դեպքում կարող է պահել ու տրամաբանական ավարտին հասցնել միայն ԱԱԾ վրա հենվելու պարագայում:
Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլի ճակատագրին, ապա այստեղ իհարկե ֆեդերացիայի նախագահի փոփոխության «մոգական» ազդեցությունը խաբկանք է: Վերջին հաշվով անհրաժեշտ է մի քանի հիմնարար բան՝ սկսած ֆուտբոլի հանդեպ պետական քաղաքականության հարցում կողմնորոշումից, մինչեւ ֆուտբոլային կառավարման հարցերում փոփոխություն՝ թե մենեջերական մեթոդաբանության, թե պարզապես մարդկային մտածողության ու աշխարհայացքի՝ ֆուտբոլիստների վաղ տարիքային հասակից:
Դա խորքային խնդիր է, որի առաջնային նախադրյալներից մեկը պետք է լինի Հայաստանում ֆուտբոլային բանավեճի ձեւավորումը, տեսության լուրջ մակարդակով, որը կձեւավորի զարգացման միջավայր:
lragir.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր