Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

20 հուլ 2018 17:25

17 ընկերության բաժնետոմս վաճառվել է արտասահմանյան ընկերության

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած գործարքների ուսումնասիրության արդյունքները, որոնք առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ եւ երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց եւ կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին։ Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության:
Նախնական տվյալներով՝ Հայաստանում գրանցված ընկերությունների եւ ակտիվների սեփականությունը եւ դրանց տնօրինումը իրականացվում է միեւնույն կենտրոնից, ինչի հետեւանքով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ հայտնվել են մեկ կազմակերպության կառավարման տակ, ինչը հանգեցրել է ապրանքային շուկաներում մրցակցության կրճատմանը եւ կենտրոնացվածության մեծացմանը:
Նկատի ունենալով, որ նշված ընկերությունների պատասխանատու անձանց գործողություններում առերեւույթ առկա են հակամրցակցային գործունեության հատկանիշեր՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր