Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

21 հուլ 2018 12:08

Փաշինյանի ու իր թիմի ձախողումը չի բխում ոչ ոքի շահերից.Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին

Փաշինյանի ու իր թիմի ձախողումը չի բխում ոչ ոքի շահերից.Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՆոր իշխանությունը իհարկե կարևոր և մեծապես ողջունելի քայլեր անում է, բայց թույլ է տալիս նաև սայթաքումներ, որոնք այլևս խոշորացույցով են դիտարկվում, որովհետև սպասելիքները և պատասխանատվությունն աննախադեպ մեծ են: Վրիպակները հիմնականում կադրային հարթակում են, և դրա դրսևորումներին մենք ականատես եղանք այս մեկ ամսվա ընթացքում: Կարելի է ասել՝ հեղափոխական թիմի համար, որը գործում է նոր Հայաստանի անունից և հանուն նոր Հայաստանի՝ մեկ ամսվա համար սայթաքումները չափից դուրս շատ էին: Անհաջող կադրային նշանակումներն անգամ պեղել-գտնելու կարիք չի լինում, նրանք իրենք իրենց մասին ավետում են հանրությանը, ընդ որում՝ շատ բարձր ու նկատելի: Շաբաթներ առաջ հրաժարական տվեց առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:
 
Հասարակությունը չէր հասցրել մարսել այս դեպքը, երբ պարզվեց, որ արդեն վարչապետ Փաշինյանի, աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը «Կյանքի խոսք» աղանդից է՝ երիտթևից։ Ընդ որում, այդ մասին հայտարարում է անթաքույց պարծենկոտությամբ: Աղանդի հետևորդ լինելը գուցե չարիքի փոքրագույնը լիներ, սակայն արի ու տես, որ այս երիտասարդն իր պաշտոնական դիրքն էլ է որոշել չարաշահել, գուցե գերագնահատելով իր «կալիբրը» և մտածելով, որ կարող է խլել այս կամ այն գործարարի բիզնեսը:
 
Հերթական «աչքի ընկնողը»  ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանն էր, ով իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ շատ է շահարկվում Ապրիլյան քառօրյայի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը. «Եկեք հանգիստ թողնենք նրան, մանկահասակ դեմքով տղա, ով երևի չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում»,-ասել էր նա: Արտահայտությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, որին հաջորդեց Կարպիս Փաշոյանի պարզաբանումը, որից, սակայն, դժգոհության ալիքը չպակասեց: Արդյունքում՝ ևս մեկ անհաջող նշանակման արդյունքում ականատես եղանք  հերթական հրաժարականին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս անզգույշ է իր ընտրած կադրերի հարցում: Նրա օգնականներից մեկը՝ Միքայել Նահապետյանը իր ֆեսբուքյան գրառման մեջ թույլ է տվել իրեն իշխանության բերած հանրությանը հավ անվանել, և խոսում է այն մասին, որ վերջինս ընդամենը չի հասկանում՝ ում շնորհիվ է այդ աշխատանքին և ինչին է ինքը կոչված: 
 
Մեկ այլ օրինակ՝ Սփյուռքի նախարարի խորհրդական էր նշանակվել 27 տարեկան Վաղարշակ Հակոբյանը: Հայկական մեդիան գրեց, որ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, նա իրավունք չունի ևս երեք տարի՝ մինչև 30 տարեկանը, խորհուրդ տալ: Նախարարոթյունից սկզբում հերքեցին, այնուհետև ներողություն խնդրեցին, և նա նույնպես հրաժարական տվեց:  Սկանդալների կիզեկատում է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նշանակվելուց ի վեր կարծես միայն արդարացումներ փնտրելով է զբաղված՝ իր արած հայտարարությունների կամ նշանակումների համար: Մամուլում օրերս տեղեկություն տարածվեց, որ նախարարը հիմա էլ որոշել է իր խնամի-ծանոթ-բարեկամներին բաժանել ոլորտի ամենաքաղցր պատառները, մասնավորապես, փորձելով ազատել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գլխավոր  տնօրենի պաշտոնը՝ Արդարադատության նախարարի եղբոր համար:
 
Այս ընթացքում «կիքսեր» է թույլ տվել անգամ ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, ով  Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում աղմկհարույց հայտարարություն էր արել Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցում  բանագնաց դառնալու հավանականության վերաբերյալ: Փաշինյանն այնուհետև ստիպված էր հրապարակային հայտարարել, որ չի կիսում իր խորհրդականի այդ կարծիքը, բայց այստեղ էլ հարց  է առաջանում՝ նման խորհրդականը Փաշինյանի ինչի՞ն է պետք...Բացի այդ կառավարությունից զատ՝ ՊԵԿ-ում շարունակվում են տարակուսելի նշանակումները, վերջին նման անտրամաբանական քայլն էլ «Ալրաղացի Լյովիկի» քրոջ որդու՝ Պիտուլի նշանակվելն է Բագրատաշենի մաքսակետի պետ: Եվ սա այն պարագայում, երբ ՊԵԿ նախագահ Անանյանն ընդունում է այն փաստը, որ վարչապետն իր նշանակումներին վերապահումներով է մոտենում...
 
Եվ այսպես՝ կադրերը գալիս են, հիասթափեցնում հասարակությանը, որը կենաց-մահու կռիվ էր տալիս նախկին իշխանություններից, նրանց հոռի բարքերից, մտածելակերպից ազատագրվելու համար և գնում են՝ փաստացի՝ «արջի ծառայություն» մատուցելով թավշյա հեղափոխությունն առաջնորդած Նիկոլ Փաշինյանին: Վերջին 27 տարում կադրային ոլորտում հիմնականում առաջնորդվել են «Պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ սկզբունքով, այսինքն՝ կարևորը մեր «կռուգից» լինի, կարևոր չէ, որ անփորձ կամ անգրագետ է: ՀՀՇ-ին այնուհետև փոխարինեց ՀՀԿ-ն: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում՝ դատե՛ք ինքներդ:

 
Որ քաղաքական թիմը և որ գործիչն է ի վերջո պատասխանատու կադրային քաղաքականության այս ֆիասկոյի համար: Երբ հասարակության մի ստվար զանգված դժգոհում էր Հանրապետական կուսակցությունից՝ դա հասկանալի էր և օբյեկտիվ, բայց արդյո՞ք նույնանման գործելաոճ կարող է որդեգրել և նույնանման սխալներ կարող է անել հեղափոխական թիմը, որը ոչ միայն կարող է, այլև օբյեկտիվ իրականության պահանջներից դրդված՝ պարտավոր է լինել նախորդներից որակապես և բարոյապես ավելի լավը: Փաշինյանի կառավարման այս ամիսները ցույց տվեցին, որ նա գիտակ-մասնագետների թիմը չունի՝ կողքին երեխաներ են՝ անկարգներ, աղանդավորներ, պադատվատի համար ուշքը գնացածներ, մասնագիտորեն անհամապատասխաններ, իսկ որոշ դեպքերում էլ, այդ ամենը միախառնված։ Կարևոր է հասկանալ, որ նոր իշխանությունն, այնուամենայնիվ, դեռևս հենվում է մեկ անձի՝ գործող վարչապետի հեղինակության վրա: Եթե ժամանակի ընթացքում այդ կապիտալը հնարավոր լինի փոխանցել համակարգին՝ Հայաստանն իրապես ժողովրդավարական պետության մոդել կդառնա: Փաշինյանի ու իր թիմի ձախողումը չի բխում ոչ ոքի շահերից, որովհետև դրա հետևանքները կրելու ենք բոլորով՝ անկախ նրանից, թե ինչպես էիք վերաբերվում թավշյա հեղաշրջմանը ու դրա հերոսներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր