ՃՈ ծառայության բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել
![](http://aysor.am/news_images/366/1096306_1/jo_copy.thumb.jpg)
Ա. Ն.-ն, սահմանված կարգի համաձայն, ի պաշտոնե իրավասու է եղել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը գրավոր տեղեկացնել այն մասին, որ պահանջատերը` ՃՈ ծառայությունը, հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից, որն էլ ԴԱՀԿ-ում հարուցված կատարողական վարույթը կարճելու հիմք է հանդիսացել:
Օգտվելով այդ հանգամանքից՝ Ա. Ն.-ն պարտապան Ռ. Մանուկյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հիման վրա հարուցված 39 կատարողական վարույթներով պահանջներից հրաժարվելու իրավական հիմքերի բացակայության պայմաններում, կատարել է պաշտոնեական կեղծիք. այն է՝ կազմել և ստորագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին հասցեագրված, կեղծ բովանդակությամբ գրություն՝ հայտնելով, որ համապատասխան օրենքի համաձայն` հրաժարվում է պահանջներից և խնդրում է հիշյալ 39 կատարողական վարույթները կարճել:
Բացի այդ, Ա. Ն.-ն, նույն եղանակով կատարել է ևս մեկ պաշտոնեական կեղծիք, այն է` կազմել և ստորագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետին հասցեագրված կեղծ գրություն՝ հայտնելով, որ հրաժարվում է ԴԱՀԿ-ում հարուցված կատարողական վարույթներով պահանջներից և խնդրում է պարտապան Ա. Հարությունյանի վերաբերյալ կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճել: Արդյունքում հիշյալ կեղծ փաստաթղթի հիման վրա ևս ԴԱՀԿ-ում որոշում է կայացվել համապատասխան կատարողական վարույթը կարճելու մասին:
Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: