«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

27 հուլ 2018 11:27

Նիկոլ Փաշինյանի կտրուկ հայտարարությունը Սանկտ-Պետերբուրգում

Նիկոլ Փաշինյանի կտրուկ հայտարարությունը Սանկտ-ՊետերբուրգումԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը և խոսել մասնավորապես էներգետիկայի և գազի ոլորտներում ՌԴ-ի հետ հարաբերություններում Հայաստանի շահերի մասին:
«Մեր հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական օրակարգ և կոնտեքստ չի եղել: Հեղափոխության պրոցեսի մեջ ոչ մի արտերկրյա ուժ ներգրավված չի եղել: Սա ասել եմ շփումների ընթացքում և հպարտ եմ դրա համար. սա ինձ համար նաև անձնական արժանապատվության հարց է: Մենք մեզ նվաստացած կզգայինք, եթե պարզվեր, որ ինչ-որ մեկը եկել ու մեր երկրում հեղափոխություն է արել: Ասել ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում սկզբունքները և մտադիր ենք հարաբերությունների որակը բարձրացնել: Համոզված եմ, որ այդ ճանապարհին ենք: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով և ասել ենք, որ մեզ համար ԵԱՏՄ անդամ լինելը և հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շատ կարևոր է, ու ամեն ինչ անելու ենք այս ուղղությունը զարգացնելու համար: Ռուսաստանի դեմ չենք արել ոչ մի բան, և հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունն էլ մեր դեմ ոչինչ չի արել: Այո, ՌԴ-ն գերտերություն է, սա չենք դնում հաշվարկից դուրս, բայց հարաբերությունների իրավահավասարության սկզբունքը շատ կարևոր է: ՌԴ մեր գործընկերների հետ հենց առաջին շփումների ընթացքում եղել է արձանագրում, որ ՌԴ-ն բացառիկ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը: Ոչ մի խոչընդոտ չկա հարաբերությունների զարգացման մեջ», նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը  խոսել է նաև էներգետիկայի և գազի ոլորտներում երկու պետությունների հարաբերությունների մասին:
«Երբ խոսում ենք ՌԴ գործընկերների հետ, նրանք շատ զարմանում են իմ տված տեղեկատվության վրա: Երբ նրանք ասում են, որ ՌԴ-ն Հայաստանին ամենաէժան գազն է վաճառում՝ սահմանին 150 դոլարով, ես ասում եմ, որ ՀՀ քաղաքացին համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ մարդկանց տներ այն մտնում է 300 դոլարով: Նրանք զարմանում են, թե ինչպես կարող է նման բան լինել, իսկ ես ասում եմ, որ նման բան կա: Հայաստանում գազալցակայանների պաշտոնական շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրկնակի ավելացել է: Փոխվել է այն, որ զգացել են, որ իրենց հետևում են: Պետք է այդ հարցերով զբաղվենք և զբաղվելու ենք: Նույնը վերաբերում է էներգետիկային: Էներգետիկ ոլորտում մեր միջազգային գործընկերների հետ հանդիպումներում հանդիպում ենք փաստի, որ Հայաստանի շահերն արհամարհված են: Պարզվում է, որ որևէ էներգետիկ ընկերություն ցանկանում է օբյեկտ կառուցել Հայաստանի ժողովրդի հաշվին, ասում է, որ արտադրած էլեկտրաէներգիան պետք է արժենա երկու դրամ,  բայց իրականում դա պետք է արժենա մեկ դրամ, հետո ասում է, որ Հայաստանը պետք է պարտավորվի 20 տարի այդ էլեկտրաէներգիան գնել: Պարզվում է, որ Հայաստանում գտնվել են մարդիկ, որոնք այդ թուղթը ստորագրել են ու համաձայնության են եկել: Ակնհայտորեն Հայաստանի շահերն այս հարցերում արհամարհված են: Ունենք վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում ոչ Հայաստանի մեղքով, բայց Հայաստանը պարտաճանաչ վճարում է դրանց սպասարկման համար, ու պարզվում է, որ Հայաստանում եղել են մարդիկ, ովքեր ստորագրել այդ պայմանագրերը: Այստեղ իրենց հետաքրքրել է իրենց գրպանի շահը: Էներգետիկան անկյունաքարային նշանակության ոլորտ է, և պատրաստվում ենք կարգի բերել: Միջազգային գործընկերներին ասում ենք, որ պետք է բանակցենք. այնտեղ, որտեղ Հայաստանի շահը պահպանված չէ, ուղղակի կկանգնեցնենք պրոցեսները, որևէ մեկին թույլ չենք տա, որ Հայաստանի շահն արհամարհի»,- ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ էներգետիկայի շուրջ Ռուսաստանի գործընկերների հետ ևս համագործակցված աշխատանք է տարվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր