Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

27 հուլ 2018 14:24

Ֆինանսների նախկին նախարարը հնարավոր է՝ ներգրավվի չարաշահումների հիմքով քրգործում

ՊԵԿ-ում երեկ հարուցված քրեական գործում հնարավոր է՝ ներգրավվի նաև ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Այս մասին այսօր հայտարարեց կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը։ ՊԵԿ քննչական վարչությունը, ուսումնասիրելով Դիլիջանում 2011-2016 թթ․ կառուցված ուսումնական կենտրոնի շինարարական փաստաթղթերը, պարզել է, որ տեղի են ունեցել չարաշահումներ ու հափշտակություն։ Կառուցապատման տարիներին ֆինանսների նախարարությունը ղեկավարում էր հանրության շրջանում սուպերնախարար բոնորշմամբ հայտնի, մամուլի տեղեկություններով՝ միլիոնատեր Գագիկ Խաչատրյանը։
«Դա պետք է քննությունը պարզի: Քանի որ նրա օրոք է եղել, այո, հանարավոր է, որ նա ևս ընդգրկվի այդ պրոցեսներում: Բայց դա ես չպետք է ասեմ, քննիչը պետք է որոշի»,- այսօր լրագրողներին ասաց Դավիթ Անանյանը:
Թե ի՞նչ կարգավիճակ կունենա Գագիկ Խաչատրյանը, և արդյո՞ք քրեական գործում կներգրավվեն բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ևս, ՊԵԿ նախագահն առայժմ զերծ է մնում այս հարցերի մեկնաբանությունից: Կառույցի՝ նախօրեին տարածած հայտարարության մեջ, սակայն, նշվում է՝ ուսումնական կենտոնի շինարարության համար պատասխանատու ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի պաշտոնյաները, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց փաստաթղթային ձևակերպման իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները։
Շինարարության նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային, ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն: Ավելին՝ աշխատանքների փաստացի ավարտից հետո կնքվել է վերակառուցման 6 նոր պայմանագիր՝ ընդհանուր 2,3 միլիարդ դրամ արժողությամբ, և ընդամենը օրեր անց կազմվել է շինարարության ավարտը հավաստող արձանագրություն։ Ըստ ՊԵԿ-ի՝ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքներ:
Դիլիջանի անտառներում կառուցված կենտրոնը, որը, ըստ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ծառայելու էր ֆինանսների նախարարության աշխատակիցների վերապատրաստման դասընթացներն ու հանգիստը կազմակերպելու համար, պետական բյուջեին արժեցավ շուրջ 32 միլիոն դոլար։ Կառույցը 2016 թ․ տրամադրվեց պաշտպանության նախարարությանը։ Կառուցապատման տարիներին ընդդիմադիրներն ու փորձագետները պարբերաբար հայտարարում էին անարդյունավետ ծախսերի ու կոռուպցիոն սխեմաների մասին:
Ուսումնական կենտրոնն աչքի էր ընկնում շռայլ կահավորմամբ․ գնվում էին 250 միլիոն դրամ արժողությամբ բազմոցներ, օճառամանի ընդամենը մեկ տարայի համար հատկացվել է 62 հազար դրամ, բնական փայտից կառուցվում էին սաունաներ, պատրաստվում ջակուզիներ։ Նախկին իշխանությունների օրոք, սակայն, մեծ աղմուկ բարձրացած այս ծախսերում իրավապահները խնդիրներ չհայտնաբերեցին: ՊԵԿ ներկայիս նախագահ Դավիթ Անանյանն, այդուհանդերձ, այսօր ասաց, որ մամուլում հրապարակված որոշ շռայլ գնումներ ինքը ուսումնական կենտրոնում չի տեսել։
Հիշեցնենք՝ ՊԵԿ քննչական վարչությունը վերաբացել է նաև հանրապետական մեծահարուստ պատգամավոր Միհրան Պողոսյանի հիմնադրած ընկերությունների նկատմամբ քրեական հետապնդումը։ Դավիթ Անանյանի փոխանցմամբ, այդ քրեական գործը վերաբացվել է, քանի որ նախաքննությունը թերի է անցկացվել․ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ արդարադատության գեներալ-մայոր, Սերժ Սարգսյանի օրոք բանանի ներկրման մենաշնորհով հայտնի Միհրան Պողոսյանի հիմնադրած ընկերություններն ամբողջովին չեն մարել պետբյուջեի առջև ունեցած հարկային պարտավորությունները:
Պողոսյանի հիմնադրած «Քեթրին Գրուպը» ու նրա հետ փոխկապակցված մի քանի ընկերություններ կասկածվում են հարկեր թաքցնելու մեջ։ Մայիսի սկզբին քրգործի հարուցումից հետո նրանք պետական բյուջե էին վճարել 600 միլիոն դրամ, ինչից հետո նախաքննական մարմինը որոշել էր դադարեցնել քրեական հետապնդումը՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով։ ՊԵԿ նախագահն այսօր ասաց, որ իրեն բավարարում է այն գործընթացը, երբ հարկերից խուսափած գործարարները, վնասները փոխհատուցելով, ազատվում են քրեական պատժից։ Թե որքան գումարի մասին է խոսքը, Անանյանն առայժմ չի հստակեցնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր