Քոչարյանը հիմա մոբիլիզացնելու է իր ողջ ռեսուրսները․ նա վտանգավոր էր բանտարկված, բայց տասնապատիկ առավել վտանգավոր է ազատության մեջ
![](https://hayacq.com/uploads/posts/2018-10/1538897653_12821398_10207454206846625_360384465005610500_n.jpg)
-Պարո՛ն Մարտիրոսյան, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, ինչպես Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց՝ նախկին նախագահի անձեռնմխելիության հիմքով։ Ինչ կարո՞ղ է անել Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ։
-Քոչարյանը վտանգավոր էր բանտարկված, բայց տասնապատիկ առավել վտանգավոր է ազատության մեջ: Նա հիմա մոբիլիզացնելու է իր ողջ ռեսուրսները և գլխավորելու է հակահեղափոխության բարձրացող ալիքը: Իրականում դատարանը կեղծ ու հանցավոր որոշում է կայացրել, և սա վկայությունն է այն բանի, որ չէր կարելի հանդուրժել դատարան և դատավորներ, որոնք ներկայացնում էին և սպասարկել են այն ռեժիմը, որը մերժեց ժողովուրդը: Այս թողտվության համար հեղափոխական իշխանությունը շատ թանկ է վճարելու:
-Ինչո՞ւ դատարանը նման որոշում կայացրեց, և սա որքանով է վնաս հասցնում հենց հեղափոխությանը։
-Դատարանն այդպիսի որոշում կայացրեց, որովհետև կամ շահագրգռված է, կամ ահաբեկված, կամ էլ սպասարկում է սեփական շահերը, որոնք համընկնում են Քոչարյանի շահերին: Եվ սա մեծագույն հարված է արդարադատությանը, ժողովրդին, պետությանն ու իշխանությանը:
-Ի՞նչ եք կարծում, սա որքանո՞վ վնաս կհասցնի 17-ի հանրահավաքին և ընդհանրապես Փաշինյանի կառավարությանը։
-Ես կարծում եմ, որ ինչպիսին որ էր 17-ի հանրահավաքը, հիմա պետք է վերանայվի բովանդակային առումով: Այդ հանրահավաքում, ի թիվս նախկին օրակարգի, նաև արդեն անհրաժեշտ է խիստ կտրուկ հայտարարություններ անել և նոր, հստակ ուղեգիծ որդեգրել: Եթե իշխանությունը չկտրուկացնի իր քայլերը, մենք բոլորով կբռնենք ձախողման ուղին և տանուլ կտանք հեղափոխությունը: Ահռելի երկրորդական վտանգներ կան, որոնք, կարծես թե, անտեսվում են:
-Դատարանի որոշման մեջ տեսնո՞ւմ եք արդյոք հնարավոր արտաքին ազդեցություն՝ հաշվի առնելով Լավրովի հայտարարությունն այդ կապակցությամբ։
-Եթե Հայաստանի Հանրապետության դատավորն ուղղորդվել է այլ պետության արտգործնախարարի հայտարարությամբ, այլ ոչ սեփական երկրի օրենքներով և ժողովրդի կամքով, ապա նման դատավորին պետք է դատել:
-Հաշվի առնելով անձեռնմխելիության հիմքը՝ հնարավո՞ր է արդյոք, որ Քոչարյանի հանդեպ ընդհանրապես դադարեցվի քաղաքական հետապնդումը։
-Ինչ վերաբերում է անձեռնմխելիությանը, ապա սահմանադրական այդ դրույթն աբսուրդ է և չի վերաբերում Քոչարյանի դեպքին: Իշխանության զավթումը չի բխում պաշտոնական պարտականությունների կատարումից: Այդպիսի դատարան Հայաստանին պետք չէ: Իշխանությունը, իսկ նրանից առաջ ժողովուրդը, արդեն պարտավոր են տեր կանգնել սեփական հեղափոխությանն ու արտահայտված կամքին և բարոյական ու իրավական պատասխանատվության կանչել այս դատական համակարգը: Ողջ դատական համակարգն անհրաժեշտ է արագ փոխել: Դրան այլընտրանք չկա: