Քոչարյանը ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ բարոյական պատասխանատվություն չի՞ կրում
«Ես ճի՞շտ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի համար ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ բարոյական պատասխանատվություն չի կրում:
Երբ դուք եք պատկերում, տեսեք ինչ է եղել: Իշխանությունը եկել ա, ժողովուրդը սիրում էր նրան, նա մաքուր ընտրություններ ա արել, հաղթել ա, ոչ մի ընտրակեղծիք չի եղել: Գազազած ընդդիմությունը եկել ա Օպերայի հրապարակ, էնտեղ ես հիշում եմ Հայլուրից, ներարկիչներ, լոմեր և այլն, խեղճ ոստիկանությունը եկել ա, փորձել ա կարգը պաշտպանի: Գազազած ընդդիմությունը եկել ա Մյասնիկյանի արձանի տարածք, խեղճ ոստիկանությունը եկել ա, փորձել ա գազազած ընդդիմությանը կարգի բերել, էս գազազածներն էլ հարձակվել են, իրենք իրենց 8 հոգու սպանել են, երկու ոստիկան են սպանել, և խեղճ իշխանությունը… Հետո էլ 10 տարի արդեն գազազած ՀՀԿ-ականները սև փիար են արել ձեր դեմ, և ահա դուք փիարի զոհ եք: Մոտավորապես սե՞նց, այդպիսի տպավորություն եղավ ձեր ասածից», Որվագիծ հաղորդման հյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ զրույցն «ամփոփել» է Պետրոս Ղազարյանը:
Պետրոսի ասածից արդեն նրանք, ովքեր չեն դիտել այդ թողարկումը, կարող են պատկերացնել, թե ինչեր է ասել Վիկտոր Սողոմոնյանը: Նա ասել է, որ Քոչարյանը որեւէ պատասխանատվություն մարտի 1-ի համար չի կրում:
Այլ դեպքում զարմանալի կարող է հնչել նման հայտարարությունը, երբ պետության ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը որեւէ պատասխանատվություն չի կրում: Խոսքն այստեղ մեղավորության մասին չէ, այլ պատասխանատվության, նախեւառաջ՝ քաղաքական:
Սակայն իրականության մեջ այստեղ որեւէ զարմանալի բան չկա. Քոչարյանը ոչ թե եղել է պետության ղեկավար ու գերագույն գլխավոր հրամանատար, այլ քրեա-օլիգարխիկ ռեժիմի «նայողն ու արբիտրը»: Այդ ռեժիմի կենսագործունեության ու մոտիվացիայի տրամաբանության մեջ քաղաքական, բարոյական պատասխանատվության մասին խոսք չի կարող լինել, իսկ իրավական պատասխանատվությունը հանգում է «սուխոյ ատկազին»:
Վիկտոր Սողոմոնյանն արձանագրել է այս հանգամանքը, կամա թե ակամա: Իսկ Պետրոսն իր հարցով «քանդակել» է պատկերը հստակ ու ճշգրիտ: Ընդհանուր առմամբ, դա երկու տասնամյակ իշխած հակապետական քրեականացված համակարգի պատկերն է: