Առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը դուրս կգա կառավարական ամառանոցից
Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա օրերին դուրս է գալու կառավարական ամառանոցից, որտեղ բնակվում է 90-ական թթ-ից սկսած: Այդ մասին հայտնել են 24News-ին: Ըստ նույն տեղեկատվության, կառավարության կողմից օրենքով սահմանված կարգով նախատեսված բնակարանը նախկին նախագահին դեռ չի հատկացվել:
«Սերժ Սարգսյանի համար այս օրերին առանձնատուն են պատրաստում, որը, սակայն, ոչ մի կապ չունի պետական այն կեցավայրի հետ, որը հասնում է նրան օրենքով սահմանված կարգով: Առաջիկա օրերին նա դուրս կգա կառավարական ամառանոցից», - նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը բնակվում է կառավարական ամառանոցում 90-ականների սկզբից: Մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Սարգսյանի գրասենյակը բանակցում էր Մոնումենտում գտնվող ԱԱԾ-ի ընդունելությունների տունն իբրև բնակարան հատկացնելու համար, որի շուրջ, սակայն, այդպես էլ վերջնական պայմանավորվածություն ձեռք չէր բերվել:
Օրենքով սահմանված կարգով պաշտոնաթող նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ստացել են կեցավայրեր: Առաջին նախագահին հատկացվել է Ծիծեռնակաբերդի հարևանությամբ գտնվող առանձնատունը, որը ժամանակին եղել է խորհրդային Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանինը, իսկ Քոչարյանին՝ ոստիկանության ընդունելությունների տունը Իսակովի պողոտայի հարևանությամբ: