Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 սեպ 2018 20:30

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

«Լիա» գեղեցկության սրահում 2016 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության գործով դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց:
Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ Բանդուրյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Այսօր Պետրոս Իսրայելյանն, ինչպես նաեւ սպանության գործով կալանքի տակ գտնվող մյուս ամբաստանալ Ալիկ Բանդուրյանը դատարան չէին բերվել: Դատարան չէին ներկայացել նաեւ գործով պաշտպանները:
Դատարանի հրապարակած գրության համաձայն՝ Պետրոս Իսրայելյանը հրաժարվել է ուղեկցող գումարտակի հետ դատարան ներկայանալ, քանի որ տեղեկացել է, որ իր պաշտպան Միհրան Պողոսյանը եւս չի ներկայանալու, այսպիսով, դատարան չի բերվել նաեւ Ալիկ Բանդուրյանը, քանի որ նման պայմաններում նիստը, միեւնույն է, կայանալ չէր կարող:

Այսօրվա նիստին նախատեսվում էր, որ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը հանդես կգա մեղադրական ճառով: Նշենք, որ այս գործով արդեն երկու ամիս է՝ դատական նիստեր տեղի չեն ունենում: Վերջին՝ հուլիսի 17-ի նիստին դատարանը հայտարարել է դատաքննության ավարտի մասին եւ անցել դատական վիճաբանությունների փուլին:

Այսօր տեղեկացանք, որ ամբաստանյալ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը առողջական խնդիրներ ունի, նրան օգոստոսի 30-ին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին մեր զրույցում ասաց նաեւ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: «Իմ պաշտպանյալին օգոստոսի 30-ին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի առողջական խնդիրների հետ կապված վիրահատության ենթարկվի, ոչ կարեւոր վիրահատություն էր՝ առողջության պահպանման հետ կապված, սակայն ստանդարտ նախավիրահատական հետազոտություններ անցնելու ժամանակ պարզվել է, որ իր մոտ առկա է ուրիշ շատ լուրջ առողջական խնդիր, ինչի պայմաններում պլանավորված վիրահատությունը ցուցված չի եղել: Բժիկների կողմից խորհուրդ է տրվել անցնել բուժման՝ նոր հայտնաբերված հիվանդության հետ կապված, ինչի պայմաններում վիրահատությունը չի կատարվել եւ տեղափոխվել է հետ՝ քրեակատարողկան հիմնարկ»,- ասաց Պողոսյանը: Միհրան Պողոսյանը հայտնեց, որ այդ կապակցությամբ դիմել են ՔԿԾ–ի պետին՝ խնդրելով Իսրայելյանի բուժումը կազմակերպել «Դատապարտյալների հիավանդանոց» ՔԿՀ–ում կամ քաղաքացիական հիվանդանոցում, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։ «Մինչ օրս լրացուցիչ որեւէ գործողություն՝ ստացվելիք բուժման հետ կապված, իր նկատմամբ չի իրականացվում»,- նշեց պաշտպանը: Մեր հարցին, թե այսօր Պետրոս Իսրայելյանը կարող էր ներկայացվել դատարան, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ամեն դեպքում ինքը չկազդուրված առողջական վիճակով հետ է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ»: Պետրոս Իսրայելյանի պաշտպանը չբառացեց, որ ի հայտ եկած առողջական խնդրի հիմքով հնարավոր է միջնորդի դատարանին՝ փոխել իր պաշտպանյալի նկատմաբ որպես խափանման միջոց ընտրած կալնավորումը: «Կախված իր իրավիճակից, ամեն դեպքում, այս պահի դրությամբ իր մոտ առկա է լուրջ առողջական խնդիր, հիմա մինչեւ հոկտեմբերի 2-ը կապահովի՞ արդյոք քրեակատարողական ծառայությունը Պետրոս Իսրայելյանի բուժումը, թե չի ապահովի, եւ ըստ դրա արդեն դիրքորոշում կհայտնենք խափանման միջոցի հետ կապված, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա, եթե բուժում չի ստանում քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, ապա ազատության մեջ գտնվելու ընթացքում ստանա համապատասխան բուժումը»,- եզրափակեց Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ այս աղմկոտ սպանության գործով ամբաստանյալները հերթով առողջական խնդիրներ են ձեռք բերում: Մինչ այս պաշտպանական կողմը բարձրաձայնել էր սույն գործով ամբաստանյալ քրեական հեղիակություն Նորատուսի Ալիկ Բանդուրյանի առողջական խնդիրների մասին: Այս հիմքով մի քանի անգամ նրա պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով փոխել Նորատուսցի Ալիկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: Դատարանը, սակայն, մերժել է այս միջնորդությունները, ինչպես նաեւ մերժել է պատգամավորների երաշխավորությամբ Ալիկին ազատելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է:
 
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով: Պետրոս Իսրայելյանն էլ մեղադրվում է մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր