Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

27 նոյ 2018 20:26

«Մեզի խփին սաղին, մարդ մեռավ…». Նորատուսցի Ալիկի գործով հրապարակվեցին նոր նյութեր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:
Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը՝ «Բդո» մականունով:
Ըստ մեղադրանքի, Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:
Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ի ն մասով:
Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:
Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:
Դատարանը դատական վիճաբանությունների փուլում է:
Մեղադրող Գևորգ Գևորգյանը, հաստատված գնահատելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, միջնորդել է Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Պաշտպանական ճառերի շարքը եզրափակեց «Չարբախցի Գեղամի»՝ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը:
Մինչև Միհրան Պողոսյանի ելույթը՝ ամբաստանյալներ Արմեն Գասպարյանի և Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Ավագյանը դատարանին ներկայացրեց մի քանի տեղեկանքներ «Նորատուսցի Ալիկի»՝ Ալիկ Բանդուրյանի վերաբերյալ:
Մասնավորապես՝ նախորդ նիստերում արծարծվել էր հարցը, թե Ալիկ Բանդուրյանի երեք անչափահաս երեխաները, որոնց հայրությունը նա պաշտոնապես չէր ճանաչել, փաստացի գտնվում են նրա խնամքի տակ, այդ հանգամանքը դատարանի կողմից պետք է հաշվի առնվի:
Եվ ահա ընտանիքի նախաձեռնությամբ անց է կացվել մոլեկուլային-գենետիկական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ Ալիկ Բանդուրյանը 99,997 % հավանականությամբ հանդիսանում է երեք անչափահաս երեխաների հայրը, այսինքն՝ հայրության փաստը արդեն համարվում է գործնականում ապացուցված ու հաստատված:
Փաստաբան Լուսինե Ավագյանը ներկայացրեց հիշյալ փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև տեղեկանքներ այն մասին, որ Ալիկ Բանդուրյանի խնամքին են գտնվում նաև թոշակառու ծնողները, ինչպես նաև՝ Ալիկ Բանդուրյանը մինչև կալանքի տակ առնվելը 7 հոգուց բաղկացած ընտանիքով ապրել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող տանը:
Պաշտպանը ներկայացրեց նաև Ալիկ Բանդուրյանի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիների կողմից տրված բնութագիրը, որտեղ ասված է, թե Ալիկ Բանդուրյանին «բնութագրում են դրական, նա օգնության ձեռք մեկնող մարդ է», նրա կողմից հարևանները որևէ բացասական վարքագիծ կամ արարք չեն նկատել:
Ներկայացված փաստաթղթերը կցվեցին քրեական գործին:
Պաշտպանական ճառով հանդես գալով՝ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, թե դատարանը, գործով պարզելով ողջ ճշմարտությունը, այն, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները ձեռք են բերվել անօրինական կարգով, կկայացնի արդարացի դատական ակտ:
Ըստ պաշտպանի՝ գործով մեղադրողը իր մեղադրական ճառում շարունակեց դատախազության կողմից «որդեգրված ոչ օբյեկտիվ վարքագիծը» և չներկայացրեց ապացույցների այն համակցությունը, որն անաչառ ունկնդրի մոտ համոզմունք կձևավորեր, թե Պետրոս Իսրայելյանը մեղավոր է մեղսագրված արարքի կատարման համար:
Պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալ Պետրոս Իսրայելյանը շուրջ 2 տարի կալանքի տակ է, իսկ նրան առաջադրված մեղադրանքը վերացական է ու խիստ ընդհանրական բնույթ ունի:
Միհրան Պողոսյանը հռետորական հարցադրում կատարեց՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ է կատարել Իսրայելյանը, որոնք հանգեցրել են տուժող Մուշեղ Մուշեղյանի մահվանը, ինչի՞ց է Պետրոս Իսրայելյանի մոտ հանկարծակի առաջացել Մուշեղ Մուշեղյանին սպանելու դիտավորությունը:
Ըստ պաշտպանի՝ առաջադրված մեղադրանքն իր պաշտպանյալին պարզաբանված չլինելու պատճառով վերջինս զրկված է եղել կոնկրետ մեղադրանքի դեմ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից, նա ստիպված է եղել պաշտպանվել «չոր, վերացական մեղադրանքից», չի ապահովվել նրա պաշտպանական իրավունքի իրականացումը, նա զրկվել է արդար դատաքննության իրավունքից:
Պաշտպանը նշեց, որ գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել քրեադատավարական, նյութական իրավունքի նորմերի մի շարք էական խախտումներ:
Միհրան Պողոսյանը հիշատակեց, որ վարույթն իրականացնող մարմինը, լավ տեղյակ լինելով, որ Անժելա Մ.-ն Պետրոս Իսրայելյանի կինն է, 2016 թվականի նոյեմբերի 15-ին ձերբակալել է նրան հանցագործությունը պարտակելու մեղադրանքով՝ խախտելով մերձավոր ազգականի, մասնավորապես՝ ամուսնու դեմ ցուցմունք չտալու՝ կնոջ սահմանադրական իրավունքը:
Ըստ Միհրան Պողոսյանի՝ վարույթն իրականացնող մարմինը Իսրայելյան ընտանիքի նկատմամբ դրսևորել է անբարյացակամ ու ոչ օբյեկտիվ վերաբերմունք: Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը՝ նույն շարադրանքով առաջադրվել է նաև նրա որդուն՝ Գոռին, և միայն ամիսներ անց է դադարեցվել Գոռ Իսրայելյանի քրեական հետապնդումը՝ նրա մասնակցությունը կատարված արարքներին ապացուցված չլինելու հիմքով:
Միհրան Պողոսյանը հիշատակեց, որ դեպքի ժամանակ ստացած վնասվածքներից մահացած Գևորգ Ավետիսյանի մասով քրեական գործի վարույթը 2017 թվականի հունիսի 15-ին կարճվել է՝ նրա մահվան կապակցությամբ: Հաշվի չի առնվել, որ Ավետիսյանի մայրը դրան համաձայն չի եղել, անձի պատվի, բարի համբավի վերականգնման նպատակով մահից հետո էլ նրա մասով կարող է հարազատների պահանջով վարույթը շարունակվել՝ արդարացման ակնկալիքով: Բայց տվյալ դեպքում վարույթը կարճվել է՝ առանց հարազատների դիրքորոշումը ճշտելու, և, ըստ պաշտպանի, Գևորգ Ավետիսյանի անվան վրա «մնացել է հարձակում գործածի պիտակավորումը» այն դեպքում, երբ Գևորգ Ավետիսյանի կողմից որևէ հանցանք կատարած լինելը ապացուցված չէ…
Միհրան Պողոսյանն ամբողջությամբ միացավ ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները անթույլատրելի ապացույց ճանաչելու՝ փաստաբան Երեմ Սարգսյանի հայտնած դիրքորոշմանը: Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ, մասնավորապես, Սամվել Բաբայանի ու մյուսների գործով Վճռաբեկ դատարանը, օպերատիվ-հետախուզական գործողությունների նյութերը պաշտպանական կողմին հասու չդարձնելը, դրանց վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու օրինականությունը վիճարկելու հնարավորությունից զրկելը գնահատել է որպես մրցակցային դատաքննության սկզբունքի խախտում, նաև այդ հիմքով բեկանել է դատական ակտերը:
Միհրան Պողոսյանը անօրինական գնահատեց նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունը՝ «Ներքին դիտումը», որը կատարվել է հիմնարկի աշխատողի աշխատասենյակում, ինչը չի կարող օրինական համարվել «Ներքին դիտում» գործողության անցկացման համար: Այդ գործողության անցկացմանը վերաբերող նյութերը ևս տրամադրված չեն դատարանին ու պաշտպանական կողմին: Հետևաբար, այդ գործողության արդյունքները, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված փորձաքննության եզրակացությունը, որով կատարվել է գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ժամանակ խոսողների ձայների նույնականացում, ըստ Միհրան Պողոսյանի, պետք է ճանաչվի անթույլատրելի ապացույց:
Միհրան Պողոսյանը նշեց՝ եթե անգամ թույլատրելի ապացույց համարվեն հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման արդյունքները, մեղադրանքի կողմը ուշադրություն չի դարձրել մի խոսակցության վրա, որը կատարվելէ երկու տղամարդկանց միջև, հեռախոսահամարներից մեկը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, Արմեն Գասպարյանինն է եղել: Վերջինս զանգել է մտերիմներից մեկին ու ասել է. «Բդոն ա, էս համարով չզանգես, ախպեր, մեզի խփին սաղին, մեռավ, մարդ մեռավ… »: Զրուցակիցը զարմացած հարցրել է. «Ձեզի՞ են խփել»: Այստեղ հեռախոսային խոսակցությունն ընդհատվել է: Ըստ պաշտպանի՝ ակնհայտ է, որ հարձակման ենթարկվել են հենց Արմեն Գասպարյանն ու նրա կողմնակիցները, սա հերքում է, որ հարձակվող կողմը եղել է Պետրոս Իսրայելյանը՝ իր կողմնակիցների հետ:
Միհրան Պողոսյանը հիշատակեց նաև ենթադրաբար՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի միջև դեպքից հետո տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը, որի ժամանակ Պետրոս Իսրայելյանն ասել է՝ «Ոտ ու ձեռը ջարդել եմ, ոտերը ջարդել եմ…»: Մինչդեռ տուժող Մուշեղ Մուշեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, ըստ պաշտպանի,ջարդված ոտքերի մասին ոչինչ չկա, թևերի ու ոտքերի կոտրվածքներ չեն արձանագրվել:
Ըստ Միհրան Պողոսյանի՝ մեղադրանքի կողմը մեղադրանքի հիմքում դրել է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները, սակայն դրանք մեղադրանքի բովանդակությանը չեն համապատասխանում… Եվ եթե անգամ օրինական համարվի հեռախոսային խոսակցությունների վերահսկման՝ դատարանի կողմից տրված թույլտվությունը, ըստ Միհրան Պողոսյանի, այդ խոսակցությունների ժամանակ ստացված տվյալները չեն համապատասխանում օբյեկտիվ իրականությանը…
Պաշտպանն անդրադարձավ նաև դեպքի վայրում գտնված, դեպքի պահին վնասվածք ստացած, գործով վկայի կարգավիճակ ունեցող Արամ Պ.-ի ցուցմունքներին:
Ըստ պաշտպանի՝ Արամ Պ.-ն դեպքից անմիջապես հետո վիրահատվել է ու դեռ լիովին ուշքի չեկած՝ հարցաքննվել է որպես տուժող, սակայն այդ պահին արդեն, ըստ քրեական գործի նյութերի, վարույթն իրականացնող մարմինը Արամ Պ.-ին կասկածյալ էր համարում: Արամ Պ.-ին, ըստ պաշտպանի, չեն բացատրել կասկածյալի իրավունքները, մասնավորապես՝ պաշտպան ունենալու և ցուցմունք չտալու իրավունքները, նա հարցաքննվել է որպես տուժող, չնայած տվյալ պահին արդեն վարույթն իրականացնող մարմնի համար նա ավելի շատ՝ կասկածյալ էր…
Միհրան Պողոսյանը հիշատակեց դեպքի պահին դեպքի վայրում գտնված մի շարք ականատես վկաների ցուցմունքները, որոնցում մասնավորապես ասվում էր, թե Մուշեղ Մուշեղյանը ագրեսիվ պահվածքով մտել է գեղեցկության սրահին կից նկուղային սենյակ, հայտարարել է. «Էդ փողերը ո՞վ կարա ինձանից ստանա, ես նրա…» ու հայհոյանք է տվել: Գևորգ Ավետիսյանը դիտողություն է արել ու պահանջել է հանգստանալ: Մուշեղյանը գոտկատեղից հանել է ատրճանակը, այդ ժամանակ Գևորգն էլ գոտկատեղից հանել է դանակը ու փաթաթվել է Մուշեղյանին, վերջինս կրակել է Գևորգի կրծքին, իսկ Գևորգը դանակով մեկ անգամ հարվածել է Մուշեղյանին…
Միհրան Պողոսյանը նշեց՝ ահա Մուշեղյանի ու Ավետիսյանի գոտեմարտը, Մուշեղյանի վրա հարձակվողների թվում Պետրոս Իսրայելյանը չի եղել, կրակոցների պահին նա սենյակում չի եղել, ինչպե՞ս է նրան ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեղադրանք առաջադրվել: Մուշեղյանի մահվան հետ պատճառահետևանքային կապ ունեն կտրող-ծակող գործիքով հասցված, որովայնի խոռոչ թափանցող մեկ վնասվածքը, որը դանակով պատճառել էր Գևորգ Ավետիսյանը, և՝ հրազենային թափանցող վնասվածքը, որը Մուշեղյանը ինքն է իրեն պատճառել՝ անզգույշ կրակոցով:
Միհրան Պողոսյանը շեշտեց՝ Մուշեղյանին կյանքից զրկելու կոնկրետ ի՞նչ գործողություն է կատարել Պետրոս Իսրայելյանը կամ Գևորգ Ավետիսյանի կողմից կատարված ո՞ր գործություններն է նա լրացրել կամ՝ ո՞ր պահին է Պետրոս Իսրայելյանի մոտ հանկարծակի ծագել Մուշեղյանին սպանելու դիտավորությունը: Ի՞նչ է արել Պետրոս Իսրայելյանը՝ Մուշեղյանին զրկել է դիմադրելու հնարավորությունի՞ց, բռնել է նրա ձեռքե՞րը՝ գործի նյութերում ոչինչ չկա դրանց վերաբերյալ, որևէ փաստական հանգամանք ձեռք չի բերվել, որը կհաստատեր, թե Պետրոս Իսրայելյանը Մուշեղ Մուշեղյանին սպանելու դիտավորություն է ունեցել ու որևէ գործողություն է կատարել այդ ուղղությամբ…
Ըստ վկաների կողմից դեպքի նկարագրության՝ Մուշեղյանը հետ-հետ է գնացել դեպի դուռը, իսկ մեղադրանքի կողմը՝ Միհրան Պողոսյանի խոսքերով, այդ «հետ-հետ գնալը» ներկայացրել է որպես դեպքի վայրից փախչելու փորձ…
Միհրան Պողոսյանի կարծիքով՝ գործով ձեռք բերված ու հետազոտված ապացույցներով չի հաստատվել Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը: Գործի նախաքննության ընթացքում Պետրոս և Գոռ Իսրայելյանները առերես հարցաքննություն են պահանջել իրենց դեմ ցուցմունք տված անձանց հետ, սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել է նրանց միջնորդությունը՝ նշելով, որ նրանց դեմ ցուցմունք տված անձինք… չկան…
Միհրան Պողոսյանը հիշատակեց, որ նախաքննության ընթացքում քննիչը մեկ անգամ փոխել է Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը, նոր մեղադրանք է առաջադրվել՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հասցնելը կազմակերպելու համար: Սակայն քննության օրինականությունը հսկող դատախազը այդ մեղադրանքը չի հաստատել, նորից առաջադրվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության կազմակերպման մեղադրանքը:
Ըստ Միհրան Պողոսյանի՝ գործով ձեռք բերված ու դատարանում հետազոտված ապացույցները իրենց համակցության մեջ ապացուցում են միայն Պետրոս Իսրայելյանի անմեղությունը:
Պաշտպանը նկատեց նաև, որ մեղադրողը մեղադրական ճառում Պետրոս Իսրայելյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող որևէ հանգամանք հաշվի չի առել:
Միհրան Պողոսյանը միջնորդեց՝ առաջադրված մեղադրանքում ճանաչել ու հռչակել Պետրոս Իսրայելյանի անմեղությունը, իսկ դրա անհնարինության դեպքում վերաորակել արարքը՝ որպես տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնել, ու սահմանել արդարացի պատիժ:
Պետրոս Իսրայելյանը որպես պաշտպանական ճառ՝ ասաց. «Ես մարդ չեմ սպանել, ոչ էլ տենց բան ենք պայմանավորվել, ոչ էլ որևէ մեկը կարա ինձ ասի՝ ինչ անեմ, ինչ չանեմ… »:
Արմեն Գասպարյանին հնարավորություն տրվեց պաշտպանական ճառ ասելու, նա սկսեց Պետրոս Իսրայելյանին պաշտպանող ճառ ասել՝ նշելով, թե մեղադրողը Պետրոս Իսրայելյանի համար 14 տարի ազատազրկում պահանջելուց առաջ գոնե ինքը 14 ժամով գտնվեր դեպքի վայրում…
Արմեն Գասպարյանը նաև ասաց. «Վաղը-մյուս օրը մեր երեխաները կարող են ինչ-որ բան անեն մեզ անհիմն մեղադրելու համար, չէ՞ որ էս կյանքում ամեն ինչի երկրորդը կարող ենք ունենալ, բայց ծնողները միակն են… Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում…»:
Ալիկ Բանդուրյանը, որպես պաշտպանական ճառ, լակոնիկ արտահայտվեց. «Արդար որոշում կայացրեք, ի՞նչ ասեմ»:
Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը հանդես եկավ ռեպլիկով՝ պաշտպանների ճառերի վերաբերյալ: Նա նշեց, թե գործի քննության ամենասկզբից ամբաստանյալների շահերի պաշտպանները փորձել են տպավորություն ստեղծել, թե դատախազը կողմնակալ է, ապօրինություններ է թույլ տվել: Պաշտպաններից մեկն ասաց նույնիսկ, թե մեղադրողի դեմ բացարկի հիմքեր է տեսնում, բայց, իբր՝ «լավության կարգով», բացարկ չի ներկայացնում: Պաշտպանների պաշտպանական ճառերն էլ, ըստ մեղադրողի, հիմնականում ուղղված էին իր դեմ՝ մեղադրողն ասել է, մեղադրողը գրել է… Բայց մեղադրողը՝ շեշտեց դատախազը, իր լիազորություններն է միայն իրականացնում:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այս մարդկանց դատում են դատախազի ասելով»,- ասաց մեղադրողը և ավելացրեց, որ դատախազի դեմ հայտարարություններով ատելություն է սերմանվել դատախազի նկատմամբ:
Մեղադրողը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողությունն անց է կացվել՝ գործով հանցախմբի մյուս՝ չբացահայտված անդամներին բացահայտելու նպատակով, այս գործից կա անջատված մաս՝ հենց չբացահայտված անձանց բացահայտմանն ուղղված…
Մեղադրողը նշեց՝ պաշտպանները Մուշեղ Մուշեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն են վկայակոչում՝ նշելով, թե Մուշեղյանի ոտքերը կոտրված չեն եղել, բայց ըստ եզրակացության՝ Մուշեղյանի մոտ եղել է նաև զստոսկրի կոտրվածք, դա ծանր վնասվածք է…
Մեղադրողը չհամաձայնեց Միհրան Պողոսյանի այն դիտարկմանը, թե մեղադրողը մեղադրական ճառում վերարտադրել է մեղադրական եզրակացությունը: Մեղադրողն ասաց, թե իր ճառի 30 տոկոսը վերաբերել է դատարանում հետազոտված ապացույցներին, 30 տոկոսը՝ վկաների ցուցմունքների վերլուծությանը, այնպես որ՝ ինքը չէր կարող վերարտադրել մեղադրական եզրակացությունը:
Մեղադրողը նշեց՝ երբ իրեն հայտնել են, որ ձերբակալել են Պետրոս Իսրայելյանի կնոջը, ինքը ոչ աշխատանքային ժամին որոշում է կայացրել անհիմն ձերբակալությունը վերցնելու վերաբերյալ, անձն ազատ է արձակվել:
Գևորգ Ավետիսյանի մահվան կապակցությամբ նրա մասով գործի վարույթի կարճման վերաբերյալ մեղադրողը նշեց, որ այդ որոշումը պաշտպանական կողմը կարող էր ժամանակին բողոքարկել, բայց չի բողոքարկել, հիմա պաշտպանական կողմն իր «բացթողումը բերում է այս դատարանի տիրույթ»:
Արամ Պ.-ն դեպքից հետո հարցաքննվել է որպես տուժող, բայց նրան բացատրվել է պաշտպան ունենալու և իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը…
Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանն ամբողջությամբ պնդեց իր մեղադրական ճառը՝ նշելով, թե Պետրոս Իսրայելյանի խնամքին գտնվող երեխաների ու այլ անձանց վերաբերյալ դատարան ներկայացված նյութերին ծանոթանալուց հետո դրանց վերաբերյալ լրացուցիչ դիրքորոշում կհայտնի:
Մեղադրողը իր խոսքի ավարտին դատարան ներկայացրեց այն նյութերը, որոնք գործի քննության ընթացքում դատարան ու պաշտպանական կողմին չէին ներկայացվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու՝ դատարան ներկայացված միջնորդությունը, դատարանի որոշումը: Այդ նյութերի վրա գրված էր՝ «Գաղտնի», սակայն Սամվել Բաբայանի ու մյուսների գործով Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշման լույսի ներքո մեղադրողը, ահա, ներկայացրեց դատարան ու պաշտպանական կողմին «հասանելի դարձրեց» օպերատիվ-հետախուզական գործողության կատարման թույլատրելիությունը, վերաբերելիությունն ու օրինականությունը պարզելու համար անհրաժեշտ, նախկինում՝ գաղտնի նյութերը:
Դատարանը ներկայացված նյութերը հասանելի կդարձնի պաշտպաններին, եթե նրանք դա պահանջեն, իսկ հաջորդ նիստին պաշտպանները կարող են այդ նյութերի վերաբերյալ հայտնել իրենց դիրքորոշումը:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր