Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

08 հոկ 2018 11:22

Աշխատավարձ, ավտոմեքենա, անշարժ գույք,այս ամենի վրա կալանք են դրել․ սա ոչ իրավական վարքագիծ է․ փաստաբան

Աշխատավարձ, ավտոմեքենա, անշարժ գույք,այս ամենի վրա կալանք են դրել․ սա ոչ իրավական վարքագիծ է․ փաստաբանՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումները վերացվեն: 
Aravot.am-ի հետ զրույցում Միհրան Պողոսյանն ասաց՝ վարույթն իրականացնող մարմինը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել. սկսած՝ անհիմն մեղադրանք առաջադրելուց, վերջացրած՝ այլ որոշումներով Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ.

«Դրանք անօրինական որոշումներ են, նույնիսկ քննչական խմբի անդամների գործողություններն են անօրինական եղել՝ քողարկելով Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իբրեւ թե իրականացվող գործողություններ: Սակայն դրանք կոնկրետ գործի հետ որեւէ առնչություն չունեն եւ հիմք չունեն»:
Փաստաբանը վստահեցրեց՝ այնպիսի կոպիտ խախտումներ են, որոնք այլ քրեական գործերով գրեթե չեն հանդիպում. «Մենք չէինք հասկանում այս ամենի պատճառը: Հետագայում, պետությունը, բարձրագույն իշխանության կողմից ցույց տվեց, որ այս ամենը կատարվում է այլ նկատառումներով, այլ ոչ թե քրեական դատավարական օրենսգրքով սահմանված քննչական գործողությունների պարտականությունն ապահովելու համար: Քաղաքական ենթատեքստ կա, սա բացառիկ գործերից է ու ինչ-որ հպարտության երանգներ են հնչում այս գործի մասին, նախաքննական տվյալների հրապարակում տեղի ունեցավ բարձրագույն իշխանության կողմից ու հասկացանք, որ այս խախտումները պատահական չէին: Ըստ իս, եթե դրանք հրահանգված չեն, ապա կատարվում են բարձրագույն իշխանության պահանջմունքները բավարարելու համար»:
Հարցին՝ ի՞նչ պահանջմունքներ նկատի ունեք, Պողոսյանը պատասխանեց. «Գուցե քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար: Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ կապված թույլ տրված խախտումները համատարած էին»:

Aravot.am-ի այն հարցին ի պատասխան էլ՝ ի՞նչ տեսակի անհամաչափ սահմանափակումներ են կիրառվել Սարգսյանի նկատմամբ, Պողոսյանն ասաց.
«Օրինակ՝ այս պահին Ալեքսանդր Սարգսյանին զրկել են ապրուստի միջոց ունենալու հնարավորությունից: Այն քարտով, որով աշխատավարձ է ստանում, դրա վրա կալանք են դրել, ավտոմեքենա, անշարժ գույք, ամեն ինչ: Սրա համար եմ ասում՝ այս ամենն այլ գործերով տեղի չի ունենում: Որ հայտարարում են որպես ձեռք բերված արդյունք այս կալանք դնելն է, բարձրագույն իշխանությունը հպարտանում է: Սա որեւէ առնչություն չունի քրեական դատավարության օրենսգրքի հետ: Հասկանանք՝ այստեղ գերնպատակը օբյեկտիվ քննությունն է, թե այն, որ հետագայում պետք է շահարկվի, որ գերագույն արդյունքը կալանք դնելն է Սարգսյանի միջոցների վրա»:
Հարցին՝ Ալեքսանդր Սարգսյանը միայն աշխատավարձի բանկային հաշիվ ուներ, թե այլ հաշիվներ էլ ուներ, արդյոք կալանք է դրվել նրա, ինչպես վարչապետ Փաշինյանն էր հայտարարել, 30 միլիոն դոլարի բանկային հաշվի վրա, եւ արդյոք 30 միլիոնի առթիվ որեւէ հարցաքննություն կամ իրավական գործողություն եղել է, պարոն Պողոսյանը պատասխանեց.
«Ես, հանդիսանալով Սարգսյանի պաշտպանը, չգիտեմ, թե որտեղից այդ տվյալը, որ հրապարակել է վարչապետը: Սակայն առաջին հերթին դատապարտման է ենթակա հենց այդ տվյալների հրապարակումը, որովհետեւ եթե անգամ իրական են այդ տվյալները (այս պահին ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը), դա համարվում է բանկային գաղտնիք: Բանկային գաղտնիքի հավաքումն ու օրենքով չսահմանված կարգով հրապարակումը քրեորեն պատժելի արարք է: Ցանկացած քաղաքացու նկատմամբ նման գործողությունը դատապարտելի է»: Թե ՄԻՊ-ից ինչ ակնկալիք ունի փաստաբանը, հատկապես, որ նշում է, որ Սարգսյանի նկատմամբ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն, Պողոսյանն ասաց՝ «Ուզում ենք ցույց տալ, որ ակնհայտ է՝ եթե չասեմ քաղաքական նպատակ է, ապա իրավական նպատակ չկա: Դիմել ենք ՄԻՊ-ին, որ ցույց տանք պետությունն իր ամբողջ ռեսուրսով՝ ԱԱԾ-ի քննչական վարչությունով, ու այլ մարմիններն, ընդհուպ մինչեւ վարչապետը, Սարգսյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ թույլ են տալիս ոչ իրավական վարքագիծ: ՄԻՊ-ը, վերջիվերջո, պարտավոր է մարդու իրավունքները պաշտպանի: Հույսով ենք Ալեքսանդրա Սարգսյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ պետական մարմինների թույլ տված խախտումները կվերանան»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր