ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարտավոր ենք երևանցիների բոլոր հույսերն արդարացնել. Մեր խմբակցությունում այնքան ընդդիմադիրներ կան, որ ուրիշ ընդդիմության կարիք էլ չունենք

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց ներկաներին Երևանի ավագանու առաջին նիստի կապակցությամբ: Նա ընդգծեց, որ շատ հուզիչ պահ է, իսկ ինքը երջանիկ է, որ ավագանու անդամները ներկայացնում են Երևանի բնակիչներին, ինչը տեղի է ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով: «Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորությունի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք, ի կատար ածել այն երազանքները, որ ունեն մեր երևանցիները: Եվ ես վստահ եմ, որ ավագանու այս կազմով մենք կանենք այնպես, որ մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան ժպտան: Ես կարևորում եմ այս պահը: Երևանի ավագանու կազմը ես ըստ խմբակցությունների չեմ տարբերակում, որովհետև մենք բոլորս պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, մեր երևանցիների մասին»,- ասաց նա:
Մեր խմբակցությունում այնքան ընդդիմադիրներ կան, որ ուրիշ ընդդիմության կարիք էլ չունենք: Այս մասին նորընտիր ավագանու առաջին նիստից առաջ լրագրողների հետ կարճատև զրույցում ասաց Հայկ Մարությանը: «Ես վստահեցնում եմ բոլորին, ովքեր ասում են՝ ընդդիմություն չի լինելու ավագանիում, մեր ֆրակցիայում այնքան ընդդիմություն կա, որ ուրիշ ընդդիմության կարիք էլ չունենք: Բայց ընդդիմություն կա, և կապ չունի ընդդիմադիր ֆրակցիաների մարդկանց թիվը: Անգամ մեկ հոգի որ լիներ, մենք անպայման շատ ուշադիր լսելու էինք: Եվ եթե լավ առաջարկ լինի, հետաքրքիր առաջարկ լինի, մենք անպայման ի կատար ենք ածելու դա»,- վստահեցրեց նա: Հայկ Մարությանն ավագանու նիստին եկել է շատ լավ, աշխատանքային տրամադրությամբ, մի փոքր էլ հուզված: «Իհարկե՝ հուզված եմ, որովհետև առաջին աշխատանքային օրն է»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց նա: Իսկ ավագանու առաջին նիստին 58 անդամ է մասնակցում: Նիստը բացեց ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանը, հնչեց Երևանի օրհներգը, ինչից հետո ավագանին անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: